Իրանը պաշտոնական պատասխան է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Թրամփի նամակին համապատասխան ձևով պաշտոնական պատասխան է ուղարկվել երեկ` Օմանի միջնորդությամբ»,- ասել է նա IRNA գործակալությանը տված հարցազրույցում։
Արաղչիի խոսքով՝ պատասխանը երկու փաստաթուղթ է պարունակում: Առաջինում ներկայացվում են Թեհրանի տեսակետները աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ, երկրորդում ամբողջությամբ վերլուծվում ու մեկնաբանվում են Թրամփի նամակում պարունակվող թեզերը։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Թրամփն իր «Truth Social» էջում գրել էր, որ ուղերձ է հղել Խամենեին՝ առաջարկելով բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Իրանի առաջնորդը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի այս հայտարարությունը, ընդգծել է, որ իր երկիրը երկխոսության չի գնա ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգթոնը մտածում է միայն իր շահերի մասին։