ՏԵՍԱՆՅՈւԹ․ ՔՊ-ն չի հաղթել այս ընտրություններում․ Անկախության լրջագույն խնդիրներ ունեն ՍԴ–ն . Վարդևանյան

Դուք դատաքննության ընթացքում կլսեք որոշ հանգամանքների վերաբերյալ բացահայտում, որը նույնիսկ այդ երկու դատավորների մասնակցության անհնարինության վերաբերյալ որոշումների գնահատման լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Այս մասին, այսօր՝ հունիսի 26–ին, ՍԴ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված փաստաբան Արամ Վարդևանյանը, ով ՍԴ–ում ներկայացնելու է այդ ուժի շահերը։

«ԿԸՀ–ն վերաքվեարկության օրենսդրական պարտականությունը չկատարելը հիմնավորում էր իբրև տակտիկական հնարավոր քվեարկության ռիսկերով։ Հիմա, որ բացահայտեմ այն հանգամանքը, թե ինչի եմ այսպիսի դատողություն անում, դուք կպատկերացնեք, թե իրականում ՍԴ–ում կարծես այս հարցերը լրիվ այլ բովանդակության մեջ են դիտարկվել։ Ես նաև ստացել եմ արձանագրային որոշումից քաղվածք, որը վերաբերում է հենց տիկին Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցի քննարկմանը, դրա նախաձեռնմանը, նախաձեռնող կոնկրետ դատավորի անուն-ազգանունը, մի շարք այլ հանգամանքներ։ Բայց կխնդրեմ, որ դրանք մենք մանրամասն քննարկենք արդեն Սահմանադրական դատարանում նիստը մեկնարկելով։

Այն, որ Սահմանադրական դատարանը անկախության, իր չեզոքության, անաչառության, լրջագույն դեֆիցիտ ունի և այդպիսին է նաև հանրային ընկալումը, կարծում եմ դա անհերքելի փաստ է»,–ասաց նա։

Հարցին՝ այդ հանգամանքից ելնելով կանխատեսու՞մ եք, թե ինչպիսին կլինի ՍԴ որոշումը, Վարդևանյանն ասաց. «Ես բոլոր դեպքերում այս փուլում դրա վերաբերյալ դատողություն չանեմ, բայց մտահոգություններս հստակ ընդգծում եմ, որովհետև երբ ՍԴ կազմի նկատմամբ միջամտություն էր տեղի ունենում, շատերը այդ ժամանակ չէին պատկերացնում, որ գալու է 2026–ի հունիսի 7–ը և ՍԴ որոշումը ի՞նչ աստիճան էական նշանակություն է ունենալու, ընդհանրապես հանրության կողմից ընտրվելու, ընտրելու և ընտրական սկզբունքի իրացման տեսանկյունից, բայց եկել է այդ օրը»։

Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ ՔՊ–ն չի հաղթել այս ընտրություններում. «Եթե իրենց պատկերացմամբ ժամանակակից եվրոպական դեմոկրատական չափանիշը նա է, որ ձայների փոշիացման շնորհիվ իշխանություն ձևավորելը ըստ ԿԸՀ-ի արձանագրության, դա բավարա՞ր է հաղթանակ արձանագրելու համար, քավ լիցի, թող դա լինի իրենց կարծիքը։ ՍԴ–ն ունի մեկ առաքելություն՝ արձագանքելու և արձանագրելու այն զանգվածային և կազմակերպված բնույթ կրող ընտրախախտումների փաստը, որը բոլորի աչքի առջև է եղել. թե ատելության խոսքը, թե վարչական ռեսուրսի չարաշահումը, թե ընդհանրապես կենտրոնական ընտրական հանձնաժողովի անկախության իսպառ դեֆիցիտը։

Մենք խոսում ենք ընտրական գործընթացի երկու կարևորագույն մարմինների մասին՝ մեկը ԿԸՀ, մյուսը ՍԴ։ Երկուսն էլ անկախության լրջագույն խնդիրներ ունեն։ Ի վերջո հաշվի առեք, որ Սահմանադրական դատարանի դատավորը անձ է, ով մինչև վերջերս եղել է ՔՊ–ի առանցքային բնույթի ներկայացուցիչ։ Նույնիսկ մասնակցության անհնարինության որոշման տեսանկյունից էլ, դուք իրավիճակը և մթնոլորտը գնահատեք։ Համանման իրավիճակ էլ ԿԸՀ–ի դեպքում ևս առկա է»,–ասաց նա, որ ՍԴ և երկու դատավորի վերաբերյալ որոշակի վերապահում ունեն, որի մասին կխոսեն նիստի ընթացքում։

Նշենք, որ Սահմանադրական դատարանն այսօր՝ հունիսի 26–ին, մեկնարկում է 7 քաղաքական ուժերի դիմումների քննարկումը, որոնք հիմնականում վերաբերում է ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուն։ ՔՊ–ն ներգրավված է որպես երրորդ կողմ։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։