Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 300 հազար դրամով տուգանել է Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանիին՝ վարչական իրավախախտման համար։ Հիշեցնենք՝ մենք գրել էինք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել եւ ուսումնասիրում է Վաղարշապատի համայնքապետարանի եւ Դիանա Գասպարյանի սկեսրայրի միջեւ կնքված պայմանագիրը։ Ըստ հանձնաժողովի՝ Դիանա Գասպարյանը պարտավոր էր դրա վերաբերյալ գրավոր հայտարարություն ներկայացնել հանձնաժողով, ինչը չի արվել։
Այս տարվա սկզբին հայտնի դարձավ, որ Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի հետ՝ սեղմված բնական գազ ձեռք բերելու համար։ Սկեսրայրի հետ նշված պայմանագիրը կնքվել է 2025-ի հունվարի 27-ին։ Ըստ դրա՝ Աշոտ Միրզոյանի գազալցակայանում Վաղարշապատի համայնքապետարանի կարիքների համար մեքենաների լիցքավորումը պետք է կատարվի նշված լցակայանում։ Գազալցակայանի անհրաժեշտ թույլտվությունները Միրզոյանը ստացել էր ապագա հարսից՝ Դիանա Գասպարյանից, երբ վերջինս արդեն Վաղարշապատի քաղաքապետն էր։ Սեղմված գազի ձեռքբերման գնումն իրականացվել է էլեկտրոնային աճուրդի ընթացակարգով։
Ըստ Gnumner.am հարթակի՝ մրցույթին, բացի Աշոտ Միրզոյան ԱՁ-ից, մասնակցել են նաեւ «Լի գազ» եւ «Տնկարան» ՍՊԸ-ները։ Ամենացածր գնային առաջարկը ներկայացրել է Դիանա Գասպարյանի սկեսրայրը, որի գնառաջարկը «Տնկարան»-ից պակաս է եղել 133 հազար դրամով, եւ պայմանագիրը բաժին է հասել Միրզոյանին։
Հարկ է նշել, որ վերջին ամիսներին Դիանա Գասպարյանն ու նրա ընտանիքը շարունակ սկանդալների կենտրոնում են հայտնվում։ Բացի այս դեպքից, նրա սկեսուրն ապօրինի շինարարություն էր սկսել 2023-ին։ Սրան զուգահեռ պարզվել էր, որ Դիանա Գասպարյանի ՔՊ-ական ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի գույքի, եկամուտների հայտարարագրում եկամուտների եւ հայտարարագրված դրամական միջոցների միջեւ էական անհամապատասխանություններ կան։ Իսկ օրեր առաջ էլ Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Արամ Միրզոյանի գազալցակայանում սպանություն էր տեղի ունեցել, եւ Միրզոյանն այժմ անցնում է այդ գործով` հրավիրվում է հարցաքննության: Հարցաքննություններից մեկի ժամանակ էլ քննիչը փորձել է առգրավել նրա հեռախոսը, Միրզոյանն այն խփել է հատակին` ջարդել: