Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ Եկատերինբուրգ՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման նպատակով։
Նախօրեին հայտնի դարձավ, որ հայկական կողմի խնդրանքով տեղի է ունեցել Միշուստին-Փաշինյան հեռախոսազրույցը։ Մեր աղբյուրների տեղեկություններով՝ այդ հեռախոսազրույցին նախորդել են Հայաստանի արտաքին գործերի նախարարության խողովակներով փոխանցված խնդրանք-նամակները, որ Փաշինյանին հրավիրեն մասնակցելու «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, որը համարվում է բավական երկրորդական և առանձնապես աչքի չընկնող միջոցառում։ Ընդ որում, ապրիլին նախարարի մակարդակով ստացված պաշտոնական հրավերներից բացի նաեւ ավելի դետալացված հրավեր պետք է ուղարկվեր, իսկ ապրիլից ի վեր իրավիճակ է փոխվել։ Ընդ որում, Պապոյանը հերքում էր մեր տեղեկությունները, որ իրեն ուրախ չեն տեսնել Ռուսաստանում, սակայն նա դեռ չի մեկնել։
Ռուսական կողմը, ըստ մեր տեղեկությունների, բավական զարմացած է եղել նման խնդրանքներից և նույնիսկ փորձել է հասկանալ, թե ինչ օրակարգով է Փաշինյանը ցանկանում մասնակցել միջոցառմանը։ Ի վերջո, համաձայնել են՝ «եթե ուզում ես գալ՝ արի» սկզբունքով։
Այսօր Փաշինյանին «Կոլցովո» օդանավակայանում դիմավորել են Ռուսաստանի ԱԳՆ պետական արարողակարգի վարչության պետի տեղակալը, ինչպես նաև Սվերդլովի փոխնահանգապետ Կոզլովը եւ տեղական այլ պաշտոնյաներ։
Նախ Փաշինյանին, ըստ էության, նախագահի մակարդակից իջեցրին վարչապետի մակարդակ, այժմ էլ դիմավորողների կազմով են ցույց տալիս, թե ինչ վերաբերմունք ունեն նրա նկատմամբ։ Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանի որոշումը Փաշինյանի եւ Հայաստանի մասով չի փոխվել։ Ավելին, Միշուստինի առջև խնդիր է դրվել Փաշինյանին հստակ հասկացնել, որ իր նկատմամբ վերաբերմունքը նույնն է մնացել, և այն հանգամանքը, որ նա իրեն հռչակել է «հաթող», չի նշանակում, թե Ռուսաստանում նրան համարում են լիարժեք լեգիտիմ իշխանություն և պատրաստ է նրա հետ աշխատել։





