ՌԴ-ն հայկական ապրանք չի գնելու, գազի գինը վերանայման վտանգ ունի, ՀՀ-ի առևտրային դեֆիցիտը կվատանա։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Աստված չանի, եթե հարաբերությունները այնքան վատացան, որ հիմնական մեզ գումար ուղարկող երկիր արտահանումն էլ վատանա, մենք առերեսվելու ենք շատ մեծ խնդիրների հետ, որը ամիսների հարց է, այդ իսկ պատճառով պետական բյուջեի կազմավորման համար շատ ցանկալի է, որ ծրագիր մշակվի տեղական արտադրանքի և տեղական արտադրանքի սպառման քաղաքականության, որը արագ փոխարինիչ կլինի մեր կորուստ ունեցող արտահանմանը։
Եթե հայկական արտադրանքը Հայաստանում չի վաճառվում ավելի լավ պայմաններով, մենք ունենալու ենք խնդիր, որ Ռուսաստանը չի առնելու հայկական ապրանք, գազի գինը վտանգ է ունենալու վերանայման, իսկ Հայաստանի առևտրային դեֆիցիտը վատանալու է, դրա արդյունքն էլ մյուս բյուջեի մեջ արդեն տեսնելու ենք»,– նշել է Կարապետյանը։





