Ուժեղ Հայաստան ֆրակցիայի քարտուղար Տիգրան Աբրահամյանը անդրադառնալով նախօրեին ԵԽԽՎ–ում Հայաստանի ընտրական գործընթացի վերաբերյալ քննարկմանը, արձանագրում է, որ ԵԽԽՎ դիտորդները փաստորեն չեն արձանագրել որեւէ հավաստիացում, որ Ուժեղ Հայաստանը խորհրդարանի ընտրության համար տասնյակ կամ հարյուր հազարավոր քվեարկողներներ է «բերել» Ռուսաստանից։
Հիշում եք, որ սա Կարապետյանի եւ նրա առաջնորդած ուժի դեմ իշխանության քարոզչության, իշխանական գործիչների, մերձիշխանական, արբանյակային ուժերի գլխավոր քարոզչական թեմաներից մեկն էր։ Ընտրությունն անցավ, եւ ոչ մի հստակ ապացույց, որ տասնյակ կամ հարյոր հազարավոր մարդիկ են «բերվել», որ քվեարկեն Կարապետյանի օգտին։
Կեղծ տեղեկությունների այդ շարանը անկասկած նպաստեց, որպեսզի հանրության որոշակի շրջանակներ «համոզվեն», թե Սամվել Կարապետյանին «գործուղել» է Պուտինը։ Մարդիկ, որոնք «բաց տեքստով» գործել են ԵՄ ֆինանսավորմամբ եւ բնականաբար առաջ են տարել ԵՄ նարատիվները, կարողացան Հայաստանի հանրության մի մասին համոզել, թե ընդդիմությունը ներկայացնում է Ռուսաստանի շահերը։
Իհակե այս հարցում, որքան էլ շատերի համար չհնչի տարօրինակ, Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը ամենամեծ ծառայությունը մատուցեց ՌԴ նախագահը՝ ապրիլմեկյան իր հայտնի հայտարարություններով։ Եվ շատերը, այդ թվում հայաստանյա լրագրողական միջավայրի «պրոֆեսիոնալներ», սկսեցին մատնացույց անել Պուտինի այդ ելույթն ու բարձր հայտարարել, թե ՌԴ նախագահն ինքն ասաց, որ նրանք «ռուսամետ» ուժեր են։
Լրագրական դաշտի շատ «պրոֆեսիոնալներ» սկսեցին ըստ էության կրկնել իշխանության քարոզչությանը, մինչդեռ պրոֆեսիոնալ մոտեցումը պետք է առաջացներ հարցեր, բերեր «քննական» շարունակության, հասկանալու համար, թե՝ լավ, բա Պուտինը ինչո՞ւ որոշեց էդպես բացահայտ թիրախի տակ դնել ընդդիմությանը, կնքելով «ռուսամետ»։ Որեւէ պրոֆեսիոնալի մոտ չառաջացա՞վ հարց, թե այդ ո՞ր հատուկ ծառայությունն է իր գործակալների կրծքից «կախում» կամ ճակատին գրում, որ նրանք իր գործակալներն են։ Դա տրամաբանակա՞ն է։ Իհարկե ոչ։
Բայց Հայաստանում լրատվական–փորձագիտական «պրոֆեսիոնալ» համքարության մի զգալի մասը որոշեց գնալ ոչ թե տրամաբանության հետեւից, այլ իշխանության կամ իշխանա–եվրամիութենական քարոզչության հետեւից՝ հավաքականորեն օգտվելով Պուտինի տված «նվերից», առաջնորդվելով թերեւս այն սկզբունքով, որ «նվեր տված ձիու ատամները չեն հաշվում»։ Եվ առանց Պուտինի նվերի «ատամները հաշվելու», սկսեցին օգտագործել, քշել ընդդիմության առաջատար ուժերի դեմ նրա «նվիրած քարոզչական ձին»։ Ստացվեց՝ Հայաստանի ընդդիմության դեմ հակաքարոզչության «ձին» Պուտինից, իսկ փողը՝ ԵՄ–ից։





