Սիրտը օրգանիզմի շարժիչն է, այն մատակարարում է արյուն և թթվածնին ամբողջ օրգանիզմին։ Սակայն սրտի առողջության մասին հաճախ մարդիկ սկսում են մտածել միայն այն ժամանակ, երբ ի հայտ են գալիս առաջին անհանգստացնող նշանները։
Երևանի պետական բժշկական համալսարանից հայտնում են, որ սեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային օրն է, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը սրտանոթային հիվանդությունների, դրանց կանխարգելման և վաղ հայտնաբերման կարևորության վերաբերյալ։
2026 թվականին Սրտի համաշխարհային ֆեդերացիան շարունակում է՝ «Բաց մի թող սրտի ոչ մի զարկ» համաշխարհային արշավը՝ այս տարվա շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ սրտի հիվանդությունները կարող են երկար ժամանակ մնալ աննկատ։ Արշավը կոչ է անում ճանաչել նույնիսկ այն նշանները, որոնք հեշտ է անտեսել, հոգ տանել սրտի մասին և ժամանակին դիմել բժշկական օգնության։
Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ մահվան առաջատար պատճառը աշխարհում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին գնահատականներով՝ 2022 թվականին սրտանոթային հիվանդություններից մահացել է շուրջ 19.8 միլիոն մարդ, ինչը կազմել է աշխարհում գրանցված բոլոր մահերի մոտ 32%-ը։ Այդ մահերի շուրջ 85%-ը պայմանավորված է եղել սրտամկանի ինֆարկտով և ինսուլտով։ Սրտանոթային հիվանդություններից մահերի ավելի քան երեք քառորդը գրանցվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։
Սրտի համաշխարհային ֆեդերացիան 2026 թվականի իր արշավում նշում է, որ սրտանոթային հիվանդությունները տարեկան խլում են ավելի քան 20 միլիոն մարդու կյանք, մինչդեռ դրանց հետ կապված մահերի զգալի մասը հնարավոր է կանխարգելել կամ ռիսկը նվազեցնել։
Հայաստանում սրտանոթային և արյան շրջանառության համակարգի հիվանդությունները նույնպես շարունակում են մնալ մահացության հիմնական պատճառներից։
«Հերացի» վերլուծական-ի փոխանցմամբ` 2025 թվականին Հայաստանում մահացել է 25564 մարդ, որոնցից 13125-ը՝ 51.3%-ը, մահացել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունների հետևանքով։
Այսպիսով, տվյալ հիվանդությունների խմբին բաժին է ընկել երկրում գրանցված մահերի ավելի քան կեսը։ Միևնույն ժամանակ այս ցուցանիշը 2024 թվականի համեմատ նվազել է 2.7%-ով։ Տվյալները հիմնված են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների վրա։





