Search
Close this search box.

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործումը կնպաստի տարածաշրջանի կայունությանը, խաղաղությանն ու տնտեսական բարգավաճմանը. Խաչատուրյան

Please enter a valid URL

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Ղազախստանի հանրային կառավարման ակադեմիա, որտեղ հանդես է եկել դասախոսությամբ:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Հանրային կառավարման ակադեմիայում անցկացված դասախոսությանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ղազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը, ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևն ու այլ պաշտոնյաներ:

Դասախոսության ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկաներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականությունը, երկրի տնտեսության և այլ բնագավառներում իրականացվող բարեփոխումներն ու տնտեսական իրադրությունը երկրում, այդ ոլորտում արդեն իսկ գրանցած հաջողությունները, ինչպես նաև այդ առումով գոյություն ունեցող մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները:

Ղազախստանի հանրային կառավարման ակադեմիայում անցկացված դասախոսության ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկայացրեց նաև ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, դրա կարևորությունը ինչպես հենց Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման համատեքստում:

Վահագն Խաչատուրյանն, անդրադառնալով վերոնշյալ նախագծի նշանակությանն, իր խոսքում նաև ընդգծեց, որ դրա իրագործումը կնպաստի Հարավային Կովկասի երկրների միջև տնտեսական փոխկապակցվածությանը, ինչն էլ իր հերթին կամրապնդի տարածաշրջանի կայունությունը, խաղաղությունն ու տնտեսական բարգավաճումը: