Փետրվարին Վեդիում անչափահասների նկատմամբ անառակաբարո արարքի վերաբերյալ վարույթը գտնվում է Գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո և կարճ ժամանակ անց խափանման միջոց կընտրվի։ Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսի 6-ին Ազգային ժողովում։ Գլխավոր դատախազը նաև նշել է, որ նման դեպքերում խափանման խիստ միջոցներ են ընտրվում։
«Վեդիի դեպքի մասին տեղեկացել եմ անմիջապես, երբ հանրայնացվել է»,- ասել է Վարդապետյանը։
Գլխավոր դատախազը հայտարարել է, որ շատ հաճախ նման արարքները կատարվում են ազատազրկման վայրերից։ Վարդապետյանը նշեց, որ դեպքեր են եղել, որոնք հանրությանը հայտնի չեն։
«Մենք ունենք դեպք, որը ձեզ հայտնի չէ, և քիչ դեպքեր են, որոնք այսպես հանրային տարածում են ստանում, որովհետև մենք էլ չենք խրախուսում այս դեպքերի տարածումը, որպեսզի կրկնակի զոհականացում տեղի չունենա. անձինք գործել են քրեակատարողական հիմնարկից, և ավելին՝ ստացած դրամական միջոցներն էլ հետո ինչ-որ տարբերակներով կոնվերտացրել են այլ անձանց միջոցով, ուստի սա մի ամբողջական գործընթաց է, որն անընդհատ է գտնվում մեր ուշադրության ներքո, և մենք միայն այս դեպքով չի, որ հասկացել ենք, որ այս խնդիրը կա, գոյություն ունի. այս խնդրին անընդհատ աչալուրջ ենք և նաև, ասեցի, ներգրավված ենք դրա ոչ քրեաիրավական լուծման գործընթացների մեջ»,- ասել է Գլխավոր դատախազը։
Վեդիի դեպքի օրինակով վարդապետյանը հիշեցրեց ևս մի աղմկահարույց դեպք, որը տեղի էր ունեցել 2024-ին Գեղարքունիքի մարզում` 74 և 66 տարեկան տղամարդիկ բռնաբարել էին 13-այա աղջկան։ Տղամարդիկ կալանավորվել են։ Դատախազն ընդգծեց, որ նման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել ոչ միայն Գեղարքունիքում, այլև՝ Արարատի մարզում։
«Ունենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ Երևան քաղաքում և Շիրակի մարզում, և այս ամբողջ ցավալի քարտեզագրությունը միայն այս դեպքով չի, որ ինձ հայտնի է։ Երբ առաջին անգամ մի քանի տարի առաջ Գեղարքունիքի մարզում նման իրավիճակի… ես հատուկ եմ բառերն ընտրում՝ հաշվի առնելով նաև զգայունությունը և մեզ ունկնդրող աշակերտների առկայությունը. մենք միջնորդագիր հասցեագրեցինք իրավասու մարմիններին՝ առաջարկելով, որպեսզի դատախազությունը լինի այն հանձնաժողովներում, որոնք կանխարգելիչ գործառույթներում են։ Թեև դատախազությունն ինքը կանխարգելման տեսանկյունից ուղիղ ֆունկցիա չունի, բայց մենք ցանկություն հայտնեցինք, որ ներգրավված լինենք, որպեսզի նմանատիպ իրավիճակները կարողանանք կանխել, որովհետև ինչքան էլ մենք հետո քննենք, խիստ խափանման միջոցներ ընտրենք, միևնույն է, այն տրավման, որը պատճառվել է, հնարավոր չի ամբողջությամբ բուժել կամ հետևանքները վերացնել։ Սրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ շատ հաճախ հենց խոցելի խմբերն են ներգրավվում, որը տվյալ իրավիճակում առկա է, և դատավարական խախտումների մասով՝ չգիտեմ դուք ինչքան եք տեղյակ, բայց այդ նույն հարցաքննությունների հետ կապված՝ անչափահասների ներգրավման դեպքում մանկավարժի, հոգեբանի պահանջ կա, և նաև հարցաքննության զգայնության անհրաժեշտություն կա, որի մասով էլի դատախազությունը շատ հետևողական է»,- ասել է Գլխավոր դատախազը։





