Հոկտեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23:10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում՝ Արջուտ բնակավայրի վարչական տարածքում, «Lexus» մակնիշի ավտոմեքենան դեպի Սպիտակ ընթանալիս բախվել է կայանված «Nissan Pathfinder» և «Lada» մակնիշի ավտոմեքենաներին, հաղորդում է Shamshyan.com—ը։
Վթարից հետո տեղի է ունեցել նաև վրաերթ, ինչի հետևանքով 5 հոգի, որոնցից, ըստ նախնական տեղեկությունների, վրաերթի է ենթարկվել 2 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարները, Վանաձորի շտապօգնության բժիշկներն ու «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկները։
Վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կայքի տեղեկություններով՝ «Lada»-ն ու «Nissan»-ը կայանված են եղել ու այդ ժամանակ «Lexus»-ը բախվել է «Nissan»-ին և «Lada»-ին, ինչից հետո տեղի է ունեցել նաև վրաերթ։
Վիրավորներից 4-ին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության բժիշկները, իսկ մեկին՝ քաղաքացիները։
Կայքը հայտնում է, որ դեպքի վայրում իրավիճակը մի պահ լարվել է, քանի որ մահացածի հարազատները ժամանել են դեպքի վայր և փնտրում էին «Lexus»-ի վարորդին։ Սակայն պարեկներին ու ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկաններին հաջողվեց կրքերը հանդարտեցնել։





