Մայրական բնազդը հաճախ ամենաուժեղն է, բայց երբ դիմում են ոստիկանությանը, ուրեմն պետք է սպասել իրավապահների գործողություններին։ Հոկտեմբերի 7-ին խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Շաքի գյուղ ադրբեջանցի զինծառայողի ներթափանցմանը, որը վիրավորել էր մի կնոջ և ահաբեկել նրա երեխաներին։
«Մարդիկ մի քանի օր բացակայել են այն տնից, որտեղ ներթափանցել էր ադրբեջանցի զինվորը։
Հետո երեխաները եկել են, տեսել, որ տանը օտար մարդ կա, զանգահարել ու հայտնել են մորը, իսկ վերջինս էլ զանգել է ոստիկանություն։ Մայրը տուն է հասել ոստիկանությունից ավելի արագ, որովհետև ավելի մոտ էր գտնվում՝ նույն գյուղում։ Սա սովորական հանցագործություն է։ Եթե սպասեին ոստիկանության գալուն, մեծ հավանականությամբ բացարձակապես ոչինչ տեղի չէր ունենա»,- նշել է Փաշինյանը։
«Սա քրեական պատահար է․ Հայաստանում, ցավոք, ամեն օր էլ նման քրեական միջադեպեր լինում են»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ Հայաստանում բազմաթիվ մարդիկ են դատապարտվել սահմանն ապօրինի հատելու համար։
Փաշինյանը վստահեցրել է, որ աշխարհում չկա որևէ սահման, որն անընդհատ ապօրինաբար չհատվի։





