Հայաստանն ու Հնդկաստանը քննարկում են Հայաստանում «Pinaka Mk-II» ռեակտիվ արկերի արտադրություն և հավաքում կազմակերպելու հնարավորությունը, հայտնում է հնդկական IDRW ռազմական պորտալը։
Պարբերականի տվյալներով՝ հնարավոր համաձայնագիրը կարող է երկու երկրների միջև ռազմարդյունաբերական համագործակցության նոր փուլ դառնալ և թույլ տալ Հայաստանին մասնակիորեն նվազեցնել կախվածությունը զինամթերքի ներմուծումից։
Նշվում է, որ Հայաստանի զինված ուժերն արդեն ստացել են հնդկական «Pinaka Mk-II» կառավարվող, ինչպես նաև մեծացված հեռահարության «Pinaka» չկառավարվող հրթիռներ։ Այնուամենայնիվ, դեռևս չի հստակեցվում, թե որ ձևափոխությունն է ընկած լինելու տեղական արտադրության հնարավոր ծրագրի հիմքում։
Պարբերականի գնահատմամբ՝ սեփական տարածքում արտադրություն կազմակերպելու Հայաստանի հետաքրքրությունը պայմանավորված է նաև ժամանակակից ռեակտիվ հրետանու առանձնահատկություններով։ Համազարկային կրակի համակարգերը տևական մարտական գործողությունների ընթացքում մեծ քանակությամբ զինամթերք են ծախսում, ուստի սեփական արտադրություն ունենալը կարող է բարձրացնել մատակարարումների կայունությունն ու ապահովել անհրաժեշտ պաշարների ձևավորումը։
Ձեռք բերված համաձայնության դեպքում հնդկական կողմը կարող է տրամադրել տեխնոլոգիական աջակցություն, օգնել արտադրական գործընթացների կազմակերպմանը և հայ մասնագետների ուսուցմանը։ Որպես հնարավոր գործընկեր դիտարկվում է հնդկական ռազմարդյունաբերական ոլորտի պետական ձեռնարկությունը կամ պաշտպանական համալիրի մեկ այլ ընկերություն։
Ենթադրվում է, որ տեղայնացումը կարող է ընթանալ փուլ առ փուլ։ Սկզբնական շրջանում Հայաստանը կարող է օգտագործել Հնդկաստանից մատակարարվող բաղադրիչներն ու նյութերը, ինչին հետագայում կհաջորդի տեղական արտադրանքի մասնաբաժնի ավելացումը։
Միևնույն ժամանակ, արտադրության կազմակերպման ճշգրիտ մոդելը, թողարկվող հրթիռների տեսականին և տեխնոլոգիաների փոխանցման հնարավոր պայմանները դեռևս հստակեցված չեն։ Կողմերը պաշտոնապես դեռ չեն հայտարարել վերջնական համաձայնագրի կնքման մասին։
Բանակցությունների հաջող ավարտի դեպքում Հայաստանը կարող է դառնալ «Pinaka» ընտանիքի հրթիռների գծով Հնդկաստանի արտասահմանյան արտադրական գործընկերներից մեկը։ Նյու Դելիի համար էլ այս նախագիծը կարող է նշանակել անցում պատրաստի սպառազինության արտահանումից դեպի արտասահմանյան շուկաներում արտադրության ավելի խորը տեղայնացում։





