ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը անդրադարձավ Ռուսաստանում թոքային ժանտախտի ծավալման վերաբերյալ մտահոգիչ հրապարակումներին և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ արդյոք որևէ գործողություն իրականացվում է է այս ուղղությամբ:
«Արդեն իսկ օպերատիվ աշխատանքային խումբն ակտիվ մոնիթորինգ է իրականացնում, թե ինչ է հրապարակվում, ինչ տեղեկատվություն է հասանելի․․․ Կկիրառենք անհրաժեշտ խստացված հսկողություն, ջերմաչափում նրանց նկատմամբ, ովքեր գալիս են Հայաստան, և անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը պատրաստ է՝ ըստ աստիճանակարգի կիրառման։
Այս պահին նաև աշխատում ենք ԱՀԿ-ի հետ՝ որպես այս ոլորտում գիտական և ուսումնական առումով ամենաօպերատիվ աշխատող կազմակերպության, որը մեզ էլ տեղեկատվություն է տրամադրում․․․ Այս հիվանդությունը բավական ծանր է։ Թոքային ժանտախտի տեսակը փոխանցվում է օդակաթիլային եղանակով՝ սերտ շփման պարագայում, և եթե ճիշտ ժամանակին համապատասխան հակաբիոտիկներով բուժում չիրականացվի, ապա դրա մահացության ռիսկը բավական բարձր է։
Այնպես որ, մենք շատ ուշադիր և զգոն ենք՝ այս հարցի հետ կապված, և բոլոր աշխատանքները համակարգված ձևով իրականացնում ենք»,- պատասխանեց Ավանեսյանը։





