Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու որոշումը, հատկապես Նիկոլ Փաշինյանի այն պնդման ֆոնին, թե իբր կառույցն ինքն է դուրս եկել երկրից, «բարդ տրամաբանության» արդյունք է. Երևանն այժմ ինչ-ինչ պատճառներով սառեցնում է մի կառույց, որն արդեն իսկ, իր իսկ պնդմամբ, լքել է Հայաստանը: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի «Eagle Partner 2026» զորավարժությունները։
Զախարովայի որակմամբ՝ սա «բարդ տրամաբանություն» է։
«Այս փուլում նրանք խոսում են ՀԱՊԿ-ին իրենց անդամակցությունը սառեցնելու մասին։ ՆԱՏՕ-ի երկրների հետ նման համատեղ մանևրները միայն ափսոսանք են առաջացնում։ Առանձնակի մտահոգիչ է, որ Հայաստանի տարածքում այս կրթական ծրագրերի իրականացումն արդեն համակարգային բնույթ է ստանում. դրանք անցկացվում են ամեն տարի՝ սկսած 2023 թվականից։
Այս զորավարժությունները որևէ խաղաղապահ նպատակ չեն հետապնդում։ ՆԱՏՕ-ականների հիմնական նպատակն ակնհայտ է, և ամենահատկանշականն այն է, որ իրենք էլ դա չեն թաքցնում։ Այն է՝ շարունակել հանրապետությանը պոկել իր ավանդական դաշնակցից՝ Ռուսաստանից։ Գաղտնիք չէ, որ նմանատիպ մարզումների ժամանակ հենց մեր երկիրն է դիտարկվում որպես հավանական հակառակորդ, ինչն ամրագրված է ՆԱՏՕ-ի հայեցակարգային փաստաթղթերում։ Այսինքն՝ հայ զինվորականներին սովորեցնում են կռվել Ռուսաստանի դեմ»,— հայտարարել է նա։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ ժամանակին նման բան պատկերացնելն անգամ անհնար էր, հատկապես, որ Ռուսաստանում մեծաթիվ հայ համայնք է ապրում, որի անդամներից շատերը չեն պատրաստվում ընտրության առջև կանգնել կամ իրենց սիրտը երկու մասի բաժանել։
«Նրանց համար սա ընդհանուր պատմամշակութային տարածք է, և նրանք անկեղծորեն հենց այդպես էլ վերաբերվում են դրան։ Տարիներ առաջ սա անհավանական էր թվում, իսկ այսօր լիովին տեղավորվում է Հայաստանի բարձրագույն ղեկավարության այն հայտարարությունների համատեքստում, թե Հայաստանը Մոսկվայի դաշնակիցը չէ, օրինակ՝ Ուկրաինայի հարցում։ Արևմուտքում որսում են այս ազդակները, հետևություններ անում և փորձում Երևանին ներքաշել Ռուսաստանի դեմ դիմակայության մեջ։
Բացի այդ, այս զորավարժությունները արևմտյան երկրներին թույլ են տալիս պարտադրել բանակաշինության ու կառավարման սեփական չափանիշները, ինչի միջոցով նրանք լրացուցիչ լծակներ են ձեռք բերում Հայաստանի և նրա վարած քաղաքականության վրա»։
Զախարովայի խոսքով՝ միամտություն է արևմտյան անվտանգային «հովանոցի» հույս ունենալը, քանի որ դա ընդամենը պատրանք է. «Առաջինները, ում արևմտյան երկրները լքում ու խաբում են, հենց նրանք են, ում դեռ վերջերս դաշնակից էին անվանում։ Փոխարենը՝ Մոսկվայի հետ այս ոլորտում համագործակցության հեռանկարները տապալելն արդեն իսկ միանգամայն իրատեսական է դառնում։
Նման մանևրներ պլանավորելիս կարևոր է հաշվի առնել նաև տարածաշրջանի մյուս երկրների՝ հարևանների արձագանքը։ Սակայն, դատելով այս տարվա մասնակիցների կազմից, արևմտյան մայրաքաղաքներին հաճոյանալու մոլուցքի մեջ Երևանում որոշել են այս հարցերին մեծ նշանակություն չտալ։ Այս զորավարժությունները ոչ մի օգուտ չեն բերի Հարավային Կովկասի կայունացմանը, այլ միայն նոր աշխարհաղաքական բաժանարար գծեր ու սպառնալիքներ կստեղծեն»։





