Search
Close this search box.

Թբիլիսիում իրավիճակը լարված է

Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։

Վրացական ԶԼՄ-ները նշում են, որ Ռուսթավելի պողոտայում գիշերը հանգիստ է անցել. հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքողները տաքանալու համար խարույկ են վառել։

Ցուցարարները սպասում են պատգամավորների։ Նրանց են միացել մի քանի ուսանողներ Բաթումիից։

Պարեկային և քրեական ոստիկանության աշխատակիցները մաքրել են Չիչինաձեի փողոցը և դիրքավորվել Զուբալաշվիլի-Չիչինաձե փողոցների խաչմերուկում։ Նրանք շրջափակել են խորհրդարանի հետևի մուտքը։

Չիչինաձեի փողոցից՝ խորհրդարանի մուտքի երկաթե ցանկապատի հետևում, երկաթե պարիսպ է կանգնեցվել, ինչի պատճառով խորհրդարանի բակը չի երևում։

11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստի նախօրեին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ նիստը հակասահմանադրական է։

«Վրաստանի խորհրդարանի վաղվա նիստը հակասահմանադրական է. զանգվածային ընտրակեղծիքները խաթարեցին դրա լեգիտիմությունը. Ես հրաժարվեցի առաջին նիստը հրավիրելուց, և Սահմանադրությունը չի սահմանում որևէ մեկին, ով կարող է փոխարինել։ Իմ բողոքը քննվում է Սահմանադրական դատարանում»,-նշել է նա։