Search
Close this search box.

Ռուսաստանի հետ ճանապարհը Հայաստանով ավելի շահավետ է, քան Ադրբեջանով. իրանցի մասնագետ

Please enter a valid URL

Ռուսաստանի հետ կապ հաստատելու համար Իրանին ավելի ձեռնտու է օգտագործել Հայաստանի տարածքով անցնող երթուղին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Թավրիզի առևտրաարդյունաբերական պալատի միջազգային կապերի գծով փոխտնօրեն Սահանդ Շահբազին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանը նախատեսում է Թեհրանի և Դելիի մասնակցությամբ գործարկել առևտրատրանսպորտային երթուղի, իսկ մոտ ժամանակներս Իրանում այդ հարցով կանցկացվի եռակողմ հանդիպում:

Ներկայում Իրանը Ռուսաստանի հետ կապի համար օգտագործում է Ադրբեջանով, իսկ ԵՄ-ում մատակարարումների համար՝ Թուրքիայով անցնող ճանապարհը: Սակայն երկու դեպքում էլ բարդություններ են առաջանում։

Շահբազիի խոսքով՝ իրանցի վարորդներն Ադրբեջանում բախվում են մաքսայինի քաշքշուկների, ինչը մեծացնում է փոխադրման ժամանակը, իսկ Թուրքիայով երթուղին թանկ է նստում, քանի որ բեռները նախ տեղափոխվում են սևծովյան նավահանգիստներ, այնուհետև մեկնում Ռուսաստան կամ ԵՄ:

Այդ պատճառով դեպի Սև ծով ելքի համար Հայաստանի տարածքով երթուղին ավելի շահավետ է թվում։ Այնուամենայնիվ, դրա գրավչությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է նվազեցնել սակագները և զարգացնել ենթակառուցվածքները: Թեև Հայաստանի հյուսիսային ճանապարհներն արդեն բարեկարգված են, սակայն Հարավային ուղղություններն արդիականացում են պահանջում։

Շահբազին նշել է, որ իրանական ընկերությունները կառուցում են Ագարակ-Քաջարան ճանապարհի 32– կիլոմետրանոց հատվածը, որը, ինչպես ակնկալվում է, կավարտվի 2028 թվականին: Նախագիծը ներառում է 17 կամուրջների, 2 թունելների և 5 տրանսպորտային հանգույցների կառուցում: Աշխատանքների ավարտից հետո Երևանից Իրանի հետ սահման մեկնելու ժամանակը կկրճատվի 2-3 ժամով, ինչն է՛լ ավելի գրավիչ կդարձնի երթուղին:

Շահբազին ընդգծել է նաև կայուն բեռնափոխադրումը «Մեղրի-Նորդուզ» անցակետով, որով օրական անցնում է ավելի քան 300 բեռնատար: Այս երթուղին Իրանը և Հնդկաստանը կապող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածներից է։ Կարևոր դեր է խաղում Օմանի ծովի «Չաբահար» նավահանգիստը, որը արդիականացվում է հնդկական կողմի մասնակցությամբ:

Հայաստանի տարածքով անցնող առևտրատրանսպորտային երթուղին կոչված է կրճատել լոգիստիկ ծախսերը 25%-ով և նվազեցնել Պարսից ծոցից և Հնդկաստանից դեպի ԵՄ և ԵԱՏՄ ապրանքների առաքման ժամանակը 40 օրից մինչև 18 օր:

Հայաստանը կդառնա առանցքային տարանցիկ հանգույց՝ Եվրոպան կապելով Իրանի և Հնդկաստանի հետ, ապահովելով Հնդկաստանին ավելի կարճ ճանապարհով մուտք դեպի սևծովյան նավահանգիստներ և ԵԱՏՄ շուկա: