Այս պահին հանրաքվե անցկացնելն անիրատեսական է։ Այդ մասին Radio France International-ին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետ կապված հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ՌԴ պաշտոնյաների պնդումներին:
«Եթե դուք ինձ հարց տաք, ասեք. «Հայաստանի Հանրապետությունն էսօր պատրա՞ստ է լինել Եվրոպական միության անդամ»։ Ես անկեղծ կասեմ, որ, ոչ, որովհետև մենք դեռ շատ բարեփոխումներ պետք է իրականացնենք, որպեսզի համապատասխանենք այդ չափանիշներին։ Այսինքն՝ դիմելն ինքնին արդեն ենթադրում է գործընթացի հասունացածության որոշակի մակարդակ։ Ուղղակի դիմել՝ դիմելու համար, դա այդքան էլ տրամաբանական չէ, մանավանդ որ մենք ԵՄ-ի հետ շատ ակտիվ աշխատում ենք, որպեսզի մեր երկրում բարեփոխումները հնարավորինս արդյունավետ կերպով կյանքի կոչենք»,- նշեց Փաշինյանը:
Նա միաժամանակ ընդգծեց, որ նպատակների մեջ չի եղել, չկա և չի լինելու Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների խզումը, վատթարացումը։
«Ընդհակառակը, մենք ուզում ենք զարգացնել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, պարզապես պետք է արձանագրենք. անկախ ամեն ինչից, անկախ քաղաքական առաջնորդությունից, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն կարող նույնը լինել, ինչ նախկինում։ Փոխվել է այն, որ նախկինում կար կոնֆլիկտ Ադրբեջանի հետ, հիմա կա խաղաղություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է ՌԴ-ից հնչող հայտարարություններին, թե «Հայաստանը կարող է դառնալ երկրորդ Ուկրաինա», վարչապետը նշեց. «Կարծում եմ և համոզված եմ, որ նման բան չի լինի»։





