Ռուսաստանը Հայաստանին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության համար ժամկետ է տվել: Փաշինյան Նիկոլը ձգտում է «տեղավորվել» ժամկետում, սակայն, այնուամենայնիվ, հստակ պատասխան չտալ:
ՀՀ ԱԺ-ում Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահությունը հանձնվեց առերևույթ «ռուսամետ» ընդդիմությանը: Սա Փաշինյան Նիկոլի «ժամկետներում տեղավորվելու» առաջին քայլն էր:
Մինչև 2018 թվականը Սորոսի հիմնադրամի ֆինանսավորմամբ կամ աջակցությամբ իրականացվող ծրագրերի առաջամարտիկներից Գրիգորյան Արմենն ազատվեց կարևորագույն` ԱԽՔ-ի, պաշտոնից: Դա «ժամկետներում տեղավորվելու» երկրորդ կարևոր քայլն էր:
ՀՀ ԱԺ-ի ղեկավարության կողմից բարեվարքության ներդրման փորձը ևս տեղավորվում է «ժամկետներում տեղավորվելու» մեջ:
Ըստ Փաշինյան Նիկոլի, Ռուսաստանին կարելի է ցույց տալ որոշ փոփոխություններ և անժամկետ երկարացնել վերջինիս կողմից տրված ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության ժամկետը: Ի դեպ, Էդգար Ղազարյանի «մեկուսացման» հնարավոր գործընթացը լիարժեք տեղավորվում է այս տրամաբանության մեջ:
Որո՞նք կարող են լինել «ժամկետում տեղավորվելու» հաջորդ քայլերը: Նախ` Փաշինյան Նիկոլը տեսանելի ապագայում կձգտի ձերբազատվել նախկին «սորոսականներից»: Բացի դրանից` կարծում եմ, որ շուտով` «ժամկետներում տեղավորվելու» գործողության շրջանակներում, էապես կբարելավվեն օրվա իշխանության և առերևույթ «ռուսամետ» ընդդիմության հարաբերությունները: Իսկ հարաբերությունների ժամանակավոր «բարելավման» համար անհրաժեշտ է սկզբունքային ընդդիմադիրների` պայմանական էդգարղազարյանների, չեզոքացումը: Այս խնդիրն օրվա իշխանության ու առերևույթ «ռուսամետների» համատեղ ջանքերով ևս կլուծվի:
Այդպիսի խնդիրնե՞ր են լուծել:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից





