Հայաստանը բազմիցս վերահաստատել է ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությունը շարունակելու իր պատրաստակամությունը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ։
Փաշինյանը նիստին մասնակցել է հեռավար՝ առցանց ձևաչափով։
«Մենք բազմիցս վերահաստատել ենք Հայաստանի՝ ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը, որն ուղղված է տնտեսական կայունության ամրապնդմանը և մեծ տարածաշրջանի կայուն զարգացման ապահովմանը», — ասել է նա։
Փաշինյանը նաև ընդգծել է Հայաստանի՝ միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրվելու կարևորությունը և նշել, որ գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։
«Նեղ կազմով նիստի ընթացքում գործընկերներին տեղեկացրել եմ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին վերաբերող որոշ նրբությունների մասին, որոնք տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում։ Մենք ակնկալում ենք որոշակի որոշումներ, որոնք, մասնավորապես, կհանգեցնեն Հայաստանի երկաթուղիների արդյունավետության բարձրացմանը», — ասել է վարչապետը։





