ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի տներից մեկը մտած ադրբեջանցի զինծառայողի կրակոցի հետևանքով հայ կինը, բացի ազդրի հատվածում վիրավորում ստանալուց, նաև ձեռքի 3 մատն է կորցրել: Այս մասին պատմել է ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը:
«Երեխեքը դպրոցից տուն գալուց են եղել, նկատել են, որ կողպեքը կոտրված է։ Զանգել է աղջիկը մորը, ասել, որ կոտրած է կողպեքը։ Մտել են ներս, տեսել են, ամեն ինչ թափրտված է։ Զալում տեսել են, որ ավտոմատով պառկած է։ Հարձակվել է երեխեքի վրա, հեռախոսները վերցրել է: Երեխան այդ պահին հեռախոսը միացրած է եղել, մայրը լսել է, դանակը վերցրել է ու ամուսնու հետ Սիսիանից եկել է Շաքի։ Տեսել է՝ դարպասը փակ է, հարևանի հայաթով մտել է, պատի վրայով թռել է։ էրեխեքը բղավել են՝ մամ, մի մոտեցի, զինված է։ Ո՞նց կարող էր չմոտենալ։ Քույրս մատներն է կորցրել (բութը, մատնեմատն ու միջնամատը), գնդակը կպել է մատներին, ոտքին է խփել։ Գնդակները վերջացել են, ուզեցել է նորից լիցքավորի, այդ պահին քույրս դանակով փփել է կրծքավանդակին, գլխին։ Քույրս ուշագնաց է եղել։ Հետո տղան փորձել է բռունցքով հարվածել գլխին, երեխան դաստակի կոտրվածք ունի, գիշերը երեքին վիրահատել են։ Երեխան Սիսիանի հիվանդանոցում է, հայրն է մոտը։
Քրոջս մոտ նաև ազդրի բազմակի կոտրվածք է, անոթն է վնասվել։ Սիսիանում անոթն են կապել, որ արնահոսություն չլինի։ Այս պահին վիրահատարանում է, երկու օրից պարզ կլինի՝ վիրահատություն կլնի, թե ոչ»,–ասաց կինը։
Արփի Ավետիսյանի խոսքով՝ ադրբեջանցին արնաքամ լինելով փախել է, նրան երեխաների հայրն է գտել:
Նա հավելել է, որ քրոջ ընտանիքն ապրում է Սիսիանում` հյուրանոցային համալիրում, որտեղ քույրը ռեստորանի տնօրեն է աշխատում, բայց երեխաները դպրոց գնում են Շաքիում:
Այս պահին Անիի ավագ որդին քրոջ հետ Սիսիանում է՝ ռեստորան–հյուրանոցում, իսկ տուժած տղան՝ Սիսիանի հիվանդանոցում: Հայրը նրա մոտ է:





