«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դեռևս ամիսներ առաջ ահազանգում էր այն վտանգի մասին, որ գործող իշխանությունների վարած կործանարար քաղաքականության պատճառով ադրբեջանցիները կարող են անարգել, առանց որևէ խոչընդոտի ներթափանցել Հայաստանի սուվերեն տարածք։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։
«Այն, ինչի մասին նախազգուշացնում էինք ընտրությունների ժամանակ, տեղի ունեցավ ավելի արագ:
Նրանք այստեղ են՝ մեր տանը։
Սիսիանի տարածաշրջանի Շաքի գյուղում տեղի ունեցած վերջին դեպքը՝ ադրբեջանցի զինվորականի ներթափանցման վերաբերյալ տեղեկությունները և բնակչության շրջանում առաջացած ողջամիտ տագնապը, հերթական ապացույցն են այն բանի, որ Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են։
Գյուղացին այլևս իր տանը, իր հողում պաշտպանված չէ, իսկ պետական համակարգը գործում է միայն հետևանքներին արձագանքելու կամ տեղի ունեցածը մեղմելու ռեժիմով։
Խստագույնս դատապարտում ենք օրվա իշխանության այս մոտեցումը:
Նրանք զրկել են երկիրը անվտանգային հուսալի երաշխիքներից՝ միակողմանի զիջումներով և խաղաղության կեղծ օրակարգով անպաշտպան թողնելով սահմանամերձ բնակավայրերը»,-ասված է հայտարարության մեջ։





