Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ արդյոք երկիրը կկարողանա՞ իր կոնյակը, բանջարեղենն ու մրգերը վաճառել Եվրամիության շուկայում։
«Եթե որոշել ես գնալ Եվրամիություն, ինչո՞ւ ես շտապում։ Հստակ որոշե՞լ ես, թե ուր են տանելու քո կոնյակը, ուր՝ բանջարեղենը, մրգերը։ Ի՞նչ ծավալներով», — ասել է Լուկաշենկոն Մինսկում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Նա կոչ է արել մտածել՝ արդյո՞ք Հայաստանը կկարողանա ԵՄ շուկայում վաճառքների միջոցով փոխարինել այն ծավալները, որոնք այսօր իրացնում է ԵԱՏՄ շուկայում։
«Եթե համոզվել ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը՝ իր ունեցածը չգիտի ուր վաճառել, բայց քոնը կգնի, լավ, գնա։ Բայց ինչո՞ւ ես շտապում։ Ինչո՞ւ ես սայլը ձիուց առաջ դնում», — հավելել է Բելառուսի նախագահը։





