ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ հնարավոր է գործարք կնքել միջուկային ծրագրի հարցով. նա այս մասին ասել է Time ամսագրին տված հարցազրույցում:
Նա նաև հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ ինքը կանխել է Իսրայելի հարվածն Իրանի միջուկային օբյեկտներին:
«Ոչ, դա ճիշտ չէ, ես նրանց չեմ կանգնեցրել: Բայց այնպես եմ արել, որ դա նրանց (Իսրայելին-Խմբ.) հարմար չլինի, քանի որ կարծում եմ՝ կարող ենք գործարք կնքել առանց հարձակվելու: Հուսով եմ՝ կարող ենք: Հնարավոր է, որ մենք ստիպված լինենք հարձակվել, որովհետև Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Բայց ես իրենց (Իսրայելին-Խմբ.) համար հարմարություն չեմ ստեղծել, բայց «ոչ» էլ չեմ ասել: Ի վերջո, ես պատրաստվում էի թողնել այդ ընտրությունը նրանց վրա, բայց ասացի, որ ավելի շատ կնախընտրեի գործարքը, քան ռումբերը նետելը», — մանրամասնել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ չի վախենում, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է իրեն պատերազմի մեջ ներքաշել: