Մոսկվան և Նայրոբին քննարկում են Քենիայի քաղաքացիների համար աշխատանքային միգրացիայի քվոտաների ավելացման հարցը, հայտարարել է Քենիայում Ռուսաստանի դեսպանատունը։
«Մենք քննարկում ենք Քենիացի քաղաքացիների համար քվոտաների ավելացման հարցը, ինչը բխում է երկու կողմերի շահերից էլ. մենք աշխատուժի կարիք ունենք մի շարք ոլորտներում, և Քենիան հետաքրքրված է իր քաղաքացիների կազմակերպված աշխատանքով արտերկրում», — «Իզվեստիային» ասել են Ռուսաստանի դեսպանատնից։
Նշվում է, որ կողմերը նաև պատրաստում են աշխատանքային միգրացիայի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր՝ Նայրոբիի կողմից ներկայացված նախաձեռնությամբ։
Ինչպես ընդգծել են դիվանագետները, Ռուսաստանի Դաշնությունը ձգտում է այս ոլորտը դարձնել հնարավորինս թափանցիկ. փաստաթուղթը պետք է հստակ սահմանի աշխատողների ընտրության կանոնները, ամրագրի նրանց աշխատանքային իրավունքները և սոցիալական երաշխիքները։
Դեսպանատունը նաև նշել է, որ քենիացիները ներկայումս կարող են աշխատել Ռուսաստանում, սակայն առանձին համաձայնագիրը կհեշտացնի աշխատանքի ընդունման գործընթացը։





