Search
Close this search box.

Մորս կորցրեցինք. Հովիկ Աղազարյանի որդու գրառումը

Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մորս կորցրեցինք…
Սրտի պլանային վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր։
Հոգեհանգիստը կկայանա վաղը՝ 21. 12.2024թ.-ին, ժամը 17:00-ից, Այնթապ, Մասիսի խճուղի 2 հասցեում գործող «Alla Luce» սգո սրահում, հուղարկավորությունը՝ նույն վայրից, 22.12.2024թ.-ին, ժամը 13:00-ին։

Ի դեպ,  Հովսեփ Աղազարյանը մորը նվիրված բանաստեղծություններ էր գրել ֆեյսբուքյան իր էջում.

ՄՈ՛ՐՍ
Շատ կան քո պատվին տողեր հանճարեղ,
Քերթվածքնե՜ր, երկե՜ր, մտքե՜ր գունագեղ…
Մեկը՝ Սևակի «Մոր ձեռքերը» հենց,
Որ ամեն անգամ մտաբերելուց,
Ասես տիեզերքը դրանցով պքված,
Ու ատոմի չափ փոքր սեր դարձած
Գալի՜ս սուզվում է հոգուս խորքերը,
Ու դարմանում է վերքերս չանցած…
Աշխարհի հետ է Շիրազը չափել
Սիրտդ անեզերթ…
Որքա՜ն հանճարեղ, բայց և ապարդյուն։
Դա նույնն է, ասես՝ վերցնես երկինքը
Ու մի փաթիլ ձյուն՝ դնես կողք-կողքի,
Եվ ի՞նչ կստացվի,
Չես էլ հասցնի՝
Ձյունը կհալչի երկնքում կենող
Արևի ցոլքից,
Ինչպես իմ գործած մեղքերն են հալչում
Քո սրտի գութից…
Էլի կարող եմ խոսքեր մեջբերել
Մեր «մեծ կեղարից»,
Բայց էլ չեմ փութա,
Որ աշխատանքս զուր չերկարի,
Գրագողություն այն չհիշեցնի,
Մեր ընթերցողին շատ չձանձրացնի,
Իմ ուշանալն էլ քեզ չվշտացնի։
Մա՜մ ջան, թող երբեք ժպիտդ չանցնի…

***
Մորս
Քո հուզաշխարհում՝ անունջ, ոգեշունչ,
Պիրկ պարաններով իրար են կապված
Դրություն կարգող հակասություններ.
Թախծին՝ խնդություն,
Ցասումին՝ գգվանք,
Պաղն էլ հալում է տաքից անընդհատ…
Նորամանկության անճար օրերիս
Փարել ես կրծքիդ,
Զվարթ մանկության անհոգ օրերս
Քո հոգսն են եղել,
Պատանեկական ժիր արկածներս
Քո քունն են խլել,
Մինչ մարդ եմ դարձել, (դարձե՞լ եմ, ասա)
Կես մարդ ես դարձել…
Տարիներն անցնում
Դու չես հնանում,
Ու չես ընկրկում
Դու ժամանակի սրընթաց թափից.
Հակադրվում ես՝
Դեմքիդ թարմությամբ,
Հոգուդ պարզությամբ,
Ինձ դայակելու անսպառ ցանկությամբ…
Մնա վեհությամբ։
Եվ, այսուհետև,
Տարեցույց կազմով անստույգ թվերը,
Որ պիտանի են լոկ փող հաշվելուց,
Իսկ բաժանվելուց անզոր են անգամ
0-ի վրա,
Չե՛ն համարձակվի և քեզ բաժանել
Ջահելությունից…
Աշխարհում երբեք, ոչինչ չի՛ կարող
Կտրել ինձ՝ քեզնից…
Հովսեփիցդ՝ քեզ