Search
Close this search box.

Միշելն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը. մանրամասներ

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Նախագահ Ալիևը նշել է, որ բարձր է գնահատում Շառլ Միշելի դերակատարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում։ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ հենց Միշելի միջնորդական առաքելության ընթացքում են ձևավորվել Բաքվի և Երևանի միջև ընթացող բանակցությունների կառուցվածքը և օրակարգի առավել կարևոր ուղղությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։
ԵՄ խորհրդի նախագահը ևս անդրադարձել է այս հանդիպմանը:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անցած շաբաթ Բուդապեշտում կայացած քննարկումներից հետո այսօր Բաքվում քննարկեցինք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը»,- գրել է Միշելը X սոցիալական ցանցում: