Հղում կատարելով Ալմա-Աթայի հռչակագրին, Փաշինյան Նիկոլը կրկին հայտարարեց, որ «Քյարքին Հայաստանի տարածք չէ, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չէ, և Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չէ»:
Նախ` իսկ որտե՞ղ մնաց Սոֆուլուն: Պետության ղեկավարը պարտավոր է իմանալ աշխարհագրական տեղանունները: Բարխուդարլու տեղանունն օգտագործվում է բացառապես Սոֆուլու տեղանվանման հետ միասին: Թեպետ, Սոֆուլուն և Բարխուդարլուն տարբեր գյուղեր են եղել, սակայն ընդհանուր անկլավն անվանվում է Սոֆուլու/Բարխուդարլու: Եվ, եթե Փաշինյան Նիկոլը տալիս է միայն Բարխուդարլուի անունը, ապա հարց է առաջանում. իսկ որտե՞ղ մնաց Սոֆուլուն:
Բացի դրանից` ինչու՞ է Փաշինյան Նիկոլն անկլավների վերաբերյալ խոսելիս, մշտապես հիշատակում Ալմա-Աթայի հռչակագիրը: Դա, իհարկե, կարևոր փաստաթուղթ է, սակայն պակաս կարևոր չեն նաև ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի բազմաթիվ հրապարակային պնդումներն առ այն, որ տեղի է ունեցել անկլավների փոխանակում: Ի՞նչ է դա նշանակում: Արդյո՞ք ինչ-որ մեկը, օրինակ` Տեր-Պետրոսյան Լևոնը, պետք է պատասխան տա իր հրապարակային պնդումների համար: Հակառակ դեպքում ստացվում է, որ կամ Ալմա-Աթայի հռչակագիրն է ֆեյք, կամ` Տեր-Պետրոսյան Լևոնն է «безотчетник»: Առանց այս հակասության պարզաբանման հղում կատարել միայն Ալմա-Աթայի հռչակագրին նույնպես դասական անպատասխանատվություն է:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան





