Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին:
Ամեն օրը, եւ օրը նույնիսկ մի քանի անգամ:
Եթե այդ ամենից հետո որեւէ մեկը պարզապես կռապաշտ մոլեռանդությամբ քվեարկում է Փաշինյանի օգտին, դա լիովին հասկանալի է: Բայց որեւէ մեկը, որ քվեարկում է նրա օգտին, կամ չի քվեակում ընդդիմության որեւէ առաջատար ուժի օգտին, իբրեւ թե «բոլորին դեմ լինելու» քաղաքացիա-քաղաքական վերամբարձությամբ, պարզապես սովորական կռապաշտ մոլեռանդ է: Ընդամենը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանին քվեարկող կռապաշտների, նա անազնիվ է, քանի որ չի խոստովանում իր պաշտամունքը:
Կոպի՞տ է, սուբյեկտի՞վ է, կո՞շտ է: Գուցե, հարգարժան հայրենակիցներ: Բայց, հավատացեք, որեւէ ողջախոհ մարդու հանդեպ բազմակի ավելի կոպիտ ու կոշտ է այդ մոտեցումը, թե իբր՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարմանը դեմ եք, բայց չեք տեսնում մեկին, որի միջոցով արժե ավարտել այդ պաշտոնավարումը: Եթե դուք տեսնում ենք Փաշինյանի քարոզչական կերպի ամեն օրը, դուք չեք կարող պարզապես անկեղծ ասել, թե չեք տեսնում մի ուժի, որի միջոցով արժե նրան հեռացնել իր պաշտոնից: Եթե տեսնում եք նրա քարոզչակերպը եւ չեք տեսնում, թե որեւէ ուժի միջոցով արժե հեռացնել նրան, ուրեմն դուք կռապաշտ մոլեռանդ եք, բայց՝ անազնիվ:
Ներեցեք, բայց այդպես է:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան





