Մոսկվայում Երևանի քայլերը դիտարկում են որպես Ռուսաստանին Ասիայից Եվրոպա ձևավորվող տրանսպորտային միջանցքից դուրս մղելու փորձ, որը Հարավային Կովկասով պետք է անցնի ռուսական տարածքի շրջանցմամբ։ Այս ֆոնին երկաթուղային համակարգի կառավարման պայմանագիրը վերանայելու Հայաստանի մտադրությունը ստանում է ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական նշանակություն։ Այս մասին նշված է «ՌԻԱ Նովոստի»-ի վերլուծական հոդվածում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունն ունի իրավական բոլոր գործիքները Ռուսաստանի հետ կնքված կոնցեսիոն պայմանագիրը միակողմանի լուծարելու համար։ Նրա խոսքով՝ «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությանը՝ «Հարավկովկասյան երկաթուղուն» (ՀԿԵ), ենթակառուցվածքների կառավարումից հեռացնելը կլինի քաղաքական որոշում, որի համար Երևանը նախապատրաստում է համապատասխան իրավական հիմնավորումներ։
Ռուսական կողմն այս քայլը դիտարկում է հայ-ռուսական համագործակցության ընդհանուր վերանայման տիրույթում։ Ավելի վաղ Փաշինյանը Մոսկվայի հայեցողությանն էր թողել Գյումրիի 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարցը, իսկ մինչ այդ Երևանը խոսում էր ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման մասին՝ հայտարարելով, թե կառույցին անդամակցելը ռիսկեր է պարունակում հայկական պետականության համար։
Հայաստանի կառավարության և «Ռուսական երկաթուղիների» միջև կոնցեսիոն պայմանագիրը կնքվել է 2008 թվականին՝ 30 տարի ժամկետով (ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ)։ Դրա հիման վրա ձևավորված ՀԿԵ-ն ստացավ ներհանրապետական և դեպի Վրաստան երկաթուղային փոխադրումների կառավարման իրավունքը։ Մինչ փոխանցումը կուտակված պարտքերը մնացին հայկական կողմի վրա, իսկ ռուսական կողմը Հայաստանին վճարեց 1,7 միլիարդ դրամ (այն ժամանակ՝ 9 միլիոն դոլարից պակաս)։
Ինչպես նշվում է հոդվածում, պայմանագրի կնքման պահին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը ծայրահեղ անմխիթար վիճակում էր, իսկ կառավարման այլ հավակնորդներ չկային։ Երկաթուղու հետ մեկտեղ ռուսական կողմին փոխանցվեցին նաև հարակից մի շարք օբյեկտներ։
Գործունեության ընթացքում ՀԿԵ-ն վերանորոգել է գծերը, կայարաններն ու էլեկտրասնուցման ցանցը, թարմացրել շարժակազմը, ինչպես նաև գործարկել Երևան-Գյումրի ժամանակակից էլեկտրագնացքները։ Միևնույն ժամանակ, մի շարք նախագծեր, այդ թվում՝ Վանաձոր-Ֆիոլետովո հատվածի կառուցումն ու «Զվարթնոց» օդանավակայանի հետ երկաթուղային կապի ապահովումը, մնացին թղթի վրա։ Հոդվածագիրը նկատում է, որ դրանց տնտեսական նպատակահարմարությունը հարցեր էր հարուցում փոքր բեռնաշրջանառության և վնասաբերության բարձր ռիսկերի պատճառով։
ՀԿԵ-ի շուրջ տարաձայնություններ եղել են նաև նախկինում։ 2019 թվականին ՌԴ տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևը հայտարարում էր, որ հայկական կողմի գործողությունները խոչընդոտում են ընկերության բնականոն աշխատանքը։ Նրա խոսքով՝ առգրավվել էին 10 տարվա փաստաթղթեր, ղեկավարությանը սպառնում էին քրեական հետապնդմամբ, իսկ Երևանը հրաժարվում էր երաշխավորել պայմանագրի պահպանումը։
Այսօր, սակայն, երկաթուղային վեճը ծավալվում է Հարավային Կովկասի ողջ լոգիստիկան փոխող նոր տրանսպորտային երթուղիների ձևավորման ֆոնին։
2025 թվականի օգոստոսին Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին «Խաղաղության խաչմերուկ» նախագծին առնչվող համաձայնագրի նախագիծը։ Այն նախատեսում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության վերականգնում, ինչպես նաև տրանսպորտային ցանցի ընդլայնում Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև՝ նոր սահմանային անցակետերի բացմամբ և երկաթուղային հատվածների վերականգնմամբ։
Այս ծրագրերը տեղավորվում են Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու տրամաբանության մեջ, որի նպատակն է չինական ապրանքները Եվրոպա հասցնել Ռուսաստանը շրջանցող ճանապարհով։ Եվրոպական Միությունը աջակցում է այլընտրանքային ուղիների ստեղծմանը, իսկ Վաշինգտոնը շահագրգռված է Հարավային Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմամբ։
«ՌԻԱ Նովոստի»-ի վերլուծաբանի գնահատմամբ՝ ստեղծված պայմաններում «Ռուսական երկաթուղիների» հետ պայմանագրի հնարավոր խզումը սովորական օպերատորի փոփոխություն չէ։ Սա կարող է դառնալ տարածաշրջանային ենթակառուցվածքները դեպի Ռուսաստանը շրջանցող երթուղիներ վերակողմնորոշելու քայլերից մեկը։ Մոսկվայում, ըստ այդ վերլուծության, Երևանի քայլերը կարող են ընկալել որպես Ասիա-Եվրոպա տրանսպորտային կապերում ռուսական մասնակցությունը սահմանափակելու ընդհանուր քաղաքականության մաս։
Հետևաբար, առանցքային հարցը ոչ միայն ռուսական կոնցեսիայի ապագան է, այլև այն, թե ինչ տեղ կզբաղեցնի Ռուսաստանը Հարավային Կովկասի նոր տրանսպորտային ճարտարապետությունում։ Եթե այլընտրանքային միջանցքի զարգացումն ուղեկցվի տարածաշրջանային ենթակառուցվածքներից ռուսական ընկերությունների դուրսմղմամբ, Մոսկվան ռիսկ ունի հայտնվելու միջազգային բեռնափոխադրումների հեռանկարային այս երթուղու լուսանցքում։





