Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է, որ «Հարկադիր կատարողի աշխատանքը բարդ ու պատասխանատու է, առաքելությունը՝ անձանց խախտված իրավունքների վերականգնումն ու դատական ակտերի կատարումը»։
Բազմաթիվ առիթներ եմ ունեցել առերեսվել Հարկադիրի ղեկավարության և նույն հիմնարկում աշխատող պայմանական թորոսյանարմենների հետ: Վերջիններս վստահեցնում են, որ որևէ բանի հետ կապ չունեն, ամեն ինչ իրականացվում է «ինքնաշխատ» եղանակով: Այլ կերպ ասած` պայմանական թորոսյանարմենը ստանում է կատարողականը և տվյալները համակարգ մուտքագրում: Մնացածը համակարգի գործն է: Փաստորեն, երբ ձեռնտու է, ապա Հարկադիրի աշխատանքը «բարդ է ու պատասխանատու», երբ ձեռնտու չէ` ամեն ինչ «ինքնաշխատ է»: Դա էլ մի կողմ:
Ի՞նչ է նշանակում «Հարկադիրը վերականգնում է անձանց խախտված իրավունքները»: Բա Դատարանն ի՞նչ է անում: Եթե Հարկադիրի հայտարարությանը լուրջ վերաբերվել, ապա կարելի է մտածել, որ վերջինս իրագործում է սահմանադրական կարգի տապալման փորձ: Սակայն Հարկադիրի «մտքերին» լուրջ վերաբերվել չի կարելի: Իսկապես, ո՞նց կարելի է լուրջ վերաբերվել մի կառույցի, որի աշխատակիցները աշխատանքային ժամերին ֆեյսբուքով տարբեր ապրանքանիշերի գովազդ են տարածում, ինչպես նաև պետական պաշտոնը ծառայեցնում են սեփական բիզնես հետաքրքրություններին: Այնպես որ սահմանադրական կարգի տապալման մասին խոսելն ավելորդ է: Հարկադիրի դեպքում, առկա է սովորական անգրատություն:
ՀԳ. Նկարը Հարկադիրի հետ կապ չունի: Այնտեղ պատկերված են Ռիգայի կենդանաբանական այգու ոչխարները:
Կարեն Հեքիմյան





