ՀՀ–ում ԱՊՊԱ պայմանագրերը սպասարկող ընկերությունները 1 օրում ավելի քան 1000 վթար են գրանցել

Ապահովագրական համակարգն աշխատում է գերծանրաբեռնված, արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտնում է Հայաստանի ապահովագրողների միությունը:

«Փետրվարի 20-ից Հայաստանի տարածքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մեծ թվով ավտոպատահարներ են գրանցվել:

ԱՊՊԱ պայմանագրերը սպասարկող 6 ապահովագրական ընկերությունները միասին 1 օրում ավելի քան 1000 վթար են գրանցել։

Սա աննախադեպ իրավիճակ է, համակարգը գերբեռնված է, հեռախոսագծերը՝ ծանրաբեռնված։

Միաժամանակ յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն, ՀՀ ՆԳՆ համապատասխան ծառայությունների հետ փոխգործակցությամբ, աշխատում է արտակարգ ռեժիմով՝ փորձելով սեղմ ժամկետում սպասարկել բոլոր պատահարները։

Հարգելի քաղաքացիներ,հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Մաղթում ենք ապահով ու անվտանգ ճանապարհ»,-ասվում է հայտարարությունում։