ՀԱՊԿ-ի անդամ պետությունները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
Նրա խոսքով՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի ձևավորման առաջին իսկ տարիներից եղել է ակտիվ և ներգրավված անդամ՝ ներդրում ունենալով կազմակերպության հավաքական ներուժի ամրապնդման գործում։
«ՀԱՊԿ-ի անդամ պետությունները շարունակում են Հայաստանը դիտարկել որպես կազմակերպության դաշնակից»,— ասել է Մասադիկովը։
Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտնել է, որ Հայաստանի՝ կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքի հնարավոր կասեցման համար անհրաժեշտ է անդամ երկրների կոնսենսուս։ Նրա խոսքով՝ հարցը կարող է քննարկվել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերի 11-ին Մոսկվայում նախատեսված նիստում։
Հայաստանը 2024 թվականին հայտարարել էր ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը սառեցնելու մասին։ Երևանը հետագայում բազմիցս քննադատել է կազմակերպության դիրքորոշումը Հայաստանի անվտանգության հարցերում։





