Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 3 ամսով երկարաձգեց ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի կալանքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Մանուկյանի փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանը։
Մանուկյանը կմնա կալանքի տակ մինչև փետրվարի 11-ը։
Դատարանը նաև արգելել է Սուրեն Մանուկյանի շփումն այլ անձանց հետ` բացառությամբ ազգականների ու փաստաբանների։
Հիշեցնենք` 2022թ․ օգոստոսի 12-ին Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, այն է` անձի առևանգումը, որը կատարվել է խմբի կողմից:
Մինչ այդ` հուլիսի 28-ին, հայտնի դարձավ, որ կորել է ԱԺ նախկին պատգամավոր Քոքոբելյանի հայրը։ Նրա անհետացման դեպքի առիթով քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Օգոստոսի 2–ին Խաչատուր Քոքոբելյանը հայտնեց, որ հայրը ողջ–առողջ գտնվել է, շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին, իսկ օգոստոսի 11–ին հայտարարեց, որ իր հոր առևանգման գործով ձերբակալվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։