Search
Close this search box.

Թող ավելի բաց խոսի հանրության հետ. Շահրամանյանը` Փաշինյանի կողմից Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ հայտարարության մասին

Արցախի ժողովրդի անունից մշտապես բանակցել են ՀՀ իշխանությունները, մենք համարում ենք՝ Արցախի հարցի միջազգային օրակարգ բերելը ՀՀ իշխանությունների խնդիրն է, մենք պատրաստ ենք այդ հարցում համագործակցել բոլոր շահագրգիռ կառույցների հետ: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

Իսկ թե ինչպես պետք է հարցը հայտնվի միջազգային օրակարգում, Շահրամանյանը տեսնում է միայն ՀՀ միջոցով, ՀՀ իշխանություններն ամեն ինչ պետք է անեն արցախցիների իրավունքները պաշտպանելու, այդ թվում՝ միջազգային հարթակներում:

Հարցին՝ արդյո՞ք պատրաստ է բանակցություններ սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ վերադարձի հետ կապված, արդյոք նման քննարկումներ եղե՞լ են, նա արձագանքեց. «Մենք պատարաստ ենք տարբեր ձևաչափով հանդիպումների, բանակցությունների, կարևորը որ գրված, ձևակերպված լինի ճիշտ խնդիր ու ձևաչափ: Մենք պատրաստ ենք ՀՀ կառույցների հետ համագործակցել այդ հարցում»:

Ինչ վերաբերում է գերիների հնարավոր վերադարձին, Շահրամանյանն ասաց, որ որոշակի աշխատանքներ իրականացվում են: «Ես նաև տեսել եմ, որ Հայաստանի ղեկավարը չի ցանկացել բացահայտել մանրամասներ, ես ևս զերծ կմնամ»,-նշեց Շահրամանյանը:

Շահրամանյանը նաև տեղեկացրեց, որ Բաքվում պահվող ռազմաքաղաքական ղեկավարության սկզբանական շրջանում կապ հաստատել և խոսել է:

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի մասին ասուլիսում արած Փաշինյանի հայտարարությանը, նա ասաց. «Այդ հայտարարություն անողները պետք է ավելի բաց և ավելի ճիշտ խոսեն հանրության հետ, որ պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը»:

Դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունները հրաժարվել են Արցախից, Շահրամանյանը պատասխանեց. «Ճիշտ նշեցիք, որ ՀՀ իշխանություններն են հրաժարվել, ինձ թվում է ՀՀ բնակչության մեծ մասի կարծիքն այդպես չէ, մեր խորը համոզումով Արցախի հարցի արդարացի լուծումը, լուծման ճանապարհը միայն ու միայն հզոր Հայաստանի միջոցով է հնարավոր»:

Նշենք, որ այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է, ինչի կապակցությամբ Արցախի նախագահն ու ղեկավարությունն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։