«Հրապարակ» թերթը գրում է. 2021 թվականի մայիսին իջեւանցի Սեւադա Ղուկասյանն էշով Իջեւանից Երեւան էր եկել՝ Նիկոլ Փաշինյանի ետեւից: Ըստ նրա՝ Իջեւանում հին ավանդույթ կա․ դավաճանին էշի վրա թարս նստեցրած՝ քաղաքով պտտեցնում են: Հաշվի առնելով, որ Փաշինյանը դավաճանել է հայ ժողովրդին եւ հայոց պետականությանը, իջեւանցին, էշը վերցրած, դեռ հինգ տարի առաջ Ազգային ժողովի դարպասների մոտ հասել՝ փորձում էր իրականացնել պապերից ժառանգած այդ ավանդույթը: «Եկել եմ մեր դավաճանին տանեմ։ Սա ակցիա չի, իրոք՝ լուրջ տրամադրված, եկել եմ։ Ես Աչաջուր գյուղից եմ, ինքն իմ համագյուղացուն՝ Օնիկ Գասպարյանին դավաճան է համարում, որը շատ մեծ ներդրում ունի: Ես էլ իջեւանցի տղա եմ, ամաչում եմ ասեմ՝ իջեւանցի եմ: Հիմա որ վաղը ասելիք ունենամ մեր ժողովրդին, էշով եկել եմ, որ տանեմ մեր շաշին: Մեր իշուկի անունը կակռազ Իլհամիկ ա, ինքն իրեն շատ լավ կզգա, որ Իլհամիկի վրա նստած՝ քաղաքով պտտվի»,- 2021-ի ընտրություններից առաջ ասել էր աչաջուրցի Սեւադան: Հետո նրան սկսեցին հետապնդել, բայց այդ իրադարձություններից ուղիղ 5 տարի անց որոշեցինք զրուցել Սեւադայի հետ:
— Օրեր առաջ, երբ Ռոբերտ Քոչարյանն Իջեւան էր եկել` նախընտրական քարոզարշավի շրջանակներում, քեզ եւս նկատեցինք բազմության մեջ: Ո՞ւմ եք աջակցում ընտրություններում, ի՞նչ սպասելիքներ ունեք: Ի՞նչ իրավիճակ է Տավուշի մարզում:
— «Հայաստան» դաշինքին եմ աջակցում: Տավուշի մարզում իրավիճակն այնպիսին է, ինչպիսին՝ գրեթե ողջ Հայաստանում: Ոչ մի առանձնակի տարբերություն չկա, ժողովուրդը դուրս է եկել էյֆորիայից եւ գիտակցում է, թե ինչ է տեղի ունենում: Այս ամենին նպաստել են իշխանությունները` պարագլխի առաջնորդությամբ: Էսքան վատ բաներ արեցին, սրանք մեր գլխին չարիք են, էսքան հիմարություններ են դուրս տալիս, պատերազմով են սպառնում, եւ այդ ամենի արդյունքում վերջապես հասարակությունը հասկանում է, որ սրանք մեծագույն չարիք են մեր գլխին:
— Այսինքն` Փաշինյանի իջեւանցի լինելը Իջեւանում դեր չի՞ խաղում:
— Հենց դա եմ ասում` ոչ մի տարբերություն չկա: Մարդկանց մեծ մասն ուշքի է եկել: Կիրանցից տարածքներ տվեցին Ադրբեջանին, ցավով եմ նշում, բայց էն, որ ասում են․ չկա չարիք՝ առանց բարիքի… մի լավ բան եղավ այս ամենի արդյունքում` ժողովուրդը սթափվեց: Սրանց էսքան հիմարությունների արդյունքում, սրանց վտանգավոր գործողությունների արդյունքում մեր ժողովուրդը եկավ գիտակցության: Նիկոլը բացահայտ ստախոս է: Ստախոս է ու հողատու է:
— Իշխանություններն ասում են, որ ընդդիմությունը պատերազմի եռագլուխ կուսակցություններից է կազմված: Իշխանավարման երեք տարիներին երեք պատերազմի պատճառ դարձած իշխանությունը պատերազմի ուժեր է անվանում այն ուժերին, որոնց իշխանավարման տարիներին սահմանին կրակոց չի հնչել, հող չի հանձնվել: Ինչպե՞ս եք վերաբերվում իշխանությունների այս գնահատականներին:
— Մի նոր ֆրազա պետք է հորինե՞ն, թե՞ չէ, որպեսզի էս հասարակությանը նորից մոլորեցնեն: Քանի կար՝ նախկին-ներկա էին խաղացնում, սեւ-սպիտակ էին անում, հիմա դրանց ժամկետն անցել է, էդ թեզերը վառված, պալիտ եղած թեզեր են, Նիկոլը նոր բան է մտածել: Ես կարծում եմ, որ ընդդիմությանը պատերազմի հետ կապելը կամ նրանց եռագլուխ անվանելը հիմարություն է, էն կարգի հիմարություն, որ անգամ քաղաքականապես անգրագետ մարդիկ, գյուղացի, հասարակ ժողովուրդը հասկանում է, թե իրականում ինչ է կատարվում: Սրանք սաղին վառել-թողել են:
— Իսկ ինչո՞ւ եք հենց Քոչարյանին աջակցում, նրա դեմ հակաքարոզչություն են անում, ասում են` անցողիկ շեմը չի հաղթահարի, աջակցում եք, որ հաղթահարի՞:
— Դե, բնական է, որ էդպես պետք է ասեն Քոչարյանի մասին: Նման ապուշություններ դուրս են տալիս նիկոլական շրջանակները: Քոչարյանին թերագնահատելը նույնպես մի տեխնոլոգիա է՝ հանրության այն խավին մոլորեցնելու համար, որը մշտապես գնում է պոտենցիալ հաղթողի հետեւից:
— Այսինքն` կարծում եք, որ Քոչարյանը կհաղթի:
— Ես հավատում եմ, վստահ եմ, որ նա կհաղթի: Ես հասարակության հետ ամենօրյա շփումներ եմ ունենում, եւ դա ակնհայտ է:
— Եթե Նիկոլը հաղթի ընտրություններում, չարժե՞ մի անգամ եւս էշով գալ նրա հետեւից:
— Դե, մի հետաքրքիր բան եմ մտածելու, չեմ ուզում հիմա էդ մասին խոսեմ, կկանխեն: Էշին հավես չարավ, պիտի նոր բան մտածենք, որ հավեսը գա: Հեծանիվ քշել շատ է սիրում, գուցե հեծանիվով մի բան մտածենք: Էս պահի դրությամբ նրան տեղը դնելու ամենալավ տարբերակն ընտրությունների միջոցով հեռացնելն է: Դա ամենաքաղաքակիրթ եղանակն է: Բոլոր նրանք, ովքեր իմ էշով գործողությունը հավանել էին ու իմ կողքին կանգնել, հունիսի 7-ին կարող են իրենց քվեարկությամբ հերթական քայլն անել: Ես այս ընտրություններին նույնպես աջակցում եմ Դաշնակցությանն ու «Հայաստան» դաշինքին նրա համար, քանի որ ես նրանց ճանաչում եմ, տեսել եմ նրանց փորձն ու գործունեությունը, նրանց մոտեցումները եւ հարյուր տոկոսով վստահ եմ, որ միայն նրանք կարող են մեր կործանվող հայրենիքը փրկել, ես էլ՝ իրենց հետ: Ինչպես ասում են` միասին կարող ենք:





