Հարություն Ղ․-ին մեղադրանք է առաջադրվել 2024 թ. սեպտեմբերի 13-ին ժամը 23:30-ից Երևանի Նորագավիթ փողոցի նշված հասցեում գործող ակումբներից մեկում, կեսգիշերին՝ ժամը 00:30-ից մինչև ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածում ալկոհոլի ազդեցության տակ հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական, ոչ ադեկվատ վարքագիծ դրսևորելու համար։
Նաև նշվում է, որ տղամարդը «անբնական» ձայներ է հնչեցրել, գռռացել, բղավել, անհասցե վիրավորանքներ է հնչեցրել, անկանոն շարժումներ է կատարել, հանել է վերանաշապիկը, մնալով ներքնաշապիկով, ինքն իրեն հարվածել է պատերին, փորձել է բարձրացնել սեղաններ և հրել է դրանք, կոտրել է մոտ 20.000-25.000 դրամ արժեքով բեմահարթակը քողարկող փայտե վարագույրը՝ խոչընդոտելով հասարակական նշանակության օբյեկտի բնականոն աշխատանքը։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Նշված ակումբում գտնվող Ն․ Ս․-ի պահանջով նույն ակումբի երգիչ Վ. Հովհաննիսյանը ահազանգել է ոստիկանություն և դեպքի վայր ժամանած պարեկային ծառայության աշխատակիցները ձերբակալել են Հարություն Ղ․-ին և տեղափոխել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Գործը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է ստացվել 2025 թվականի հունվարի 3-ին, մակագրվել դատավոր Տաթևիկ Մուրադյանին։
Հունվարի 23-ին նշանակվել է նախնական դատական նիստ, որը չի կայացել պաշտպանի դիմումի հիման վրա։ Հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 27-ին։