Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատմեց նախորդ շաբաթ ՀՀ բնակավայրերից մեկում իր զբոսանքի մասին։
Ասաց, թե քայլել է մայթով, հետո այդ ընթացքում ստիպված է եղել քայլել ժավելների, քսայուղերի, տարաների արանքներով։
«Մայթերին ուղղակի շարած էին, ստիպված էինք լեռնային դահուկներին հատուկ ութաձև քայլերով գնալ»,- ասաց Փաշինյանն՝ ընդգծելով, որ սա դեռ ամենը չէ։
Նա պատմեց նաև «Լվա ինքդ»-ի մասին, որտեղ քաղաքացիները կարողանում են իրենց մեքենաները լվանալ։
«Շատ լավ է, բայց այդ մեքենաները լվանալու համար օգտագործում են բավականին ժամանակակից գործիքներ, որոնք ջրի շատ էական շիթ են արձակում, իմ դիտարկումները ցույց էին տալիս, այդ օրն էլ համոզվեցի, որ շատ դեպքերում «Լվա ինքդ» օբյեկտները տեղակայված են մայթի եզրին, երբ որ մեքենայի չորս կողմը պտտվում ենք ջրի շիթերով, ակնհայտ է, որ ջրի շիթերը դուրս են գալիս դեպի մայթ։ Իմ բախտը բերեց, որոշ մարդիկ նկատեցին, ասացին՝ «մի րոպե, մի պզզցրեք, վարչապետն ա ստեով անցնում»։
Իհարկե, զգացված եմ խիստ հարգալից վերաբերմունքի համար, բայց հարց է ծագում՝ եթե այդ մայթով վարչապետը չի քայլում, ինչու պետք է քաղաքացին հեռվից նկատի, որ ջրի շատ ուժեղ շիթ է արձակվում դեպի փողոց»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետը հանձնարարեց, որ տեսչական մարմինները հատ-հատ ստուգեն այդ խնդիրը։