ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի մասնակցությամբ՝ խոսելով ՀՀ նոր կենսաչափական անձնագրի մասին։
«ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունը»,- տեսանյութին կից՝ գրել է վարչապետը։
Նա նշել է, որ նոր նմուշի կենսաչափական անձնագրեր և կենսաչափական նույնականացման քարտեր են թողարկվելու, որոնք 2026–ի աշնանից կլինեն շրջանառության մեջ։
Անդրադառնալով այս քայլի պատճառներին, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասաց. «Այն ենթակառուցվածքը, որը 2022–ին հասանելի է եղել Հայաստանում, առհասարակ որևէ աղերս չունի միջազգային ստանդարտի հետ։ Մեր նպատակն է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO–ի 9303 ստանդարտին համապատասխան նոր փաստաթղթեր տրամադրել ՀՀ քաղաքացիներին։ Սա նշանակում է, որ նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան են փաստաթղթրեը, սահմաններին փոխճանաչելի են, որպեսզի մեր քաղաքացիներն ավելի արժնապատիվ կարողանան ճանապարհորդել»։
Փաշինյանն էլ հավելեց, որ սա կարևոր է ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման գործընթացն ավարտին հասցնելու համար, որպեսզի ՀՀ քաղաքացիները գործանականում առանց վիզայի կարողանան դեպի ԵՄ երկրներ ճամփորդել։
Նրանք ներկայացրել են նոր կենսաչափական անձնագրի արտաքին տեսքը, այն դառնալու է կարմիր։ Փաշինյանը նշել է, որ կարմիրը միջազգային պրակտիկայում ամենատարածված երանգներից է։
Առավել մանրամասն՝ տեսանյութում





