«Հայաստանի իշխանությունները կրում են իրենց բաժին պատասխանատվությունը»․ Հայտարարություն

Մի խումբ կազմակերպություններ, ներառյալ՝ «Արցախ Միությունը», տարածել են հայտարարություն Արցախի բռնի հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ․

«Երեք տարի առաջ հենց այս ամսին Ադրբեջանը բռնի տեղահանեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ողջ հայ բնակչությանն իր պատմական բնօրրանից։ Այս տարելիցի կապակցությամբ մենք՝ ներքոստորագրյալներս, պնդում ենք, որ նրանց բռնագաղթը պատերազմի պատահական հետևանք չէր, և որ այն ավարտված չէ։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել։

2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը փակեց Լաչինի (Բերձորի) միջանցքը՝ շուրջ 120,000 մարդու մատնելով իննամսյա պաշարման։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց սովի մատնված բնակչության դեմ։ Մեկ շաբաթվա ընթացքում Արցախի գրեթե ողջ հայությունը ստիպված լքեց հայրենիքը, իսկ Արցախի Հանրապետությունը լուծարվեց։ Եվ մինչ օրս նրանցից ոչ մեկին թույլ չի տրվել վերադառնալ։

2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել Արցախը լքած անձանց անվտանգ, անխոչընդոտ ու արագ վերադարձը։ Այդ որոշումը մնում է չկատարված, իսկ Ադրբեջանը որևէ պատասխանատվություն չի կրել այն անտեսելու համար։

Ադրբեջանը շարունակում է պատանդի կարգավիճակում պահել Արցախից գերեվարված ղեկավարներին ու պաշտոնյաներին։ 2026 թվականի փետրվարին Բաքուն նրանցից տասնվեցին, այդ թվում՝ նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, դատապարտեց 15 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկության։ Amnesty International-ը նրանց դատավճիռներն անվանեց «բացահայտ ծաղր»։

Հայաստանի Հանրապետության իշխանությունները կրում են իրենց բաժին պատասխանատվությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն առաջ է քաշել «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, որը դուրս է մղել Արցախը պաշտոնական խոսույթից։ Արցախի տեղահանվածները մատնվել են ծանր չքավորության։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պետական հեղաշրջման մեղադրանքով 344 օր անցկացրեց անազատության մեջ՝ նախքան 2026 թվականի հունիսին տնային կալանքի տակ անցնելը։ Արցախի և «Իրական Հայաստանի» քաղաքականության հանդեպ ցանկացած այլախոհություն քրեականացվում է։

Եվ որ ամենակարևորն է՝ Արցախի ժողովուրդը զրկված է իր ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից։ Մենք ստորագրում ենք այս հայտարարությունը՝ տեր կանգնելու նրանց պահանջներին այնտեղ, որտեղ նրանք զրկված են այդ հնարավորությունից։

Ուստի մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ապահովել.

– Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը.

– ԱՄԴ որոշման լիակատար կատարումը և արցախցիների վերադարձի իրավունքի իրացումը.

– հասցեական պատժամիջոցների կիրառումը պատասխանատուների նկատմամբ.

– Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության անկախ միջազգային վերահսկողությունը.

– արցախցիների լիարժեք ներկայացվածությունը իրենց վերադարձին առնչվող գործընթացներում.

– Հայաստանի կառավարության կողմից բռնի տեղահանվածների իրավունքների հարգումն ու հետապնդումների դադարեցումը»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։