Թեհրանը դեմ չէ TRIPP ծրագրի իրականացմանը, եթե այն չի վնասում Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Տարածաշրջանում պետք է բացառվի նաև ԱՄՆ-ի ռազմական կամ անվտանգային ներկայությունը։ Այս մասին «ԱՊՐԻ Ֆորում 2026»-ի շրջանակում հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ ընդգծելով, որ Թեհրանի համար անընդունելի է Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական կամ տարածքային փոփոխություն։
«Ադրբեջանի ղեկավարները դեռևս շատ բացահայտ և ուղղակիորեն խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Մենք նույնպես հստակ արտահայտվում ենք այն փաստի շուրջ, որ որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը հասցվող որևէ վնաս անընդունելի է։ Սա TRIPP ծրագրի իրականացման առաջին նախապայմանն է»,- հայտարարել է Խալիլ Շիրղոլամին։
Դեսպանը նշել է, որ երկրորդ նախապայմանը հարևան տարածքներում ԱՄՆ-ի ռազմական կամ անվտանգային ներկայության բացառումն է։
«Այս երկու նախապայմանների հիման վրա մենք որևէ պատճառ չունենք դեմ լինելու այս նախագծին, եթե այն դրականորեն կնպաստի հայ ժողովրդի զարգացմանն ու բարօրությանը»,- ասել է դեսպանը։
Ներկայացնելով Հարավային Կովկասի վերաբերյալ Իրանի հայեցակարգային մոտեցումները՝ Շիրղոլամին շեշտել է, որ տարածաշրջանում խաղաղության հիմքը պետք է լինի առկա կարգավիճակի պահպանումը։ Նրա խոսքով՝ լոկ խաղաղության մասին խոսույթը բավարար չէ, և խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ուժերի իրական հավասարակշռություն ձևավորել, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Իրանական կողմը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ընդգծելով, որ հաղորդակցությունների ապաշրջափակման բոլոր հնարավորությունները պետք է օգտագործվեն։ Միևնույն ժամանակ դեսպանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանը մեծ ներուժ ունի դառնալու կապող հանգույց Պարսից ծոցի, Հնդկական օվկիանոսի և Սև ծովի միջև։
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ դեսպանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությունը, Եվրոպական միությանն ու ԱՄՆ-ին մերձենալու կուրսը որոշակի մարտահրավեր է ներկայացնում Իրանի և Հայաստանի միջև գործընկերությունը պահպանելու տեսանկյունից։
«Մենք ծրագրում ենք Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի և ինստիտուցիոնալացնել մեր համագործակցությունը ապագայում»,- ընդգծել է Խալիլ Շիրղոլամին։





