Սիրիայում ծավալված իրադարձություների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Այս պահին առկա տեղեկատվությամբ` զարգացումների հետևանքով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան»:
Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 27-ին թուրքամետ ահաբեկչական խմբավորումները Հալեպի շրջանում հարձակում են գործել սիրիական բանակի և դաշնակից ուժերի դիրքերի վրա, որի ընթացքում զինյալներին հաջողվել է գրավել մի շարք գյուղեր և մոտենալ մարզի վարչական կենտրոնին։ Նշվում էր, որ թուրքամետ արմատական խմբավորումները գտնվում են Հալեպ քաղաքից 7-10 կիլոմետր հեռավորության վրա։
Ավելի ուշ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ բանակը պատասխանել է գրոհին, մարտական գործողությունների շրջան ստորաբաժանումներ են տեղափոխվել երկրի այլ շրջաններից։ Ահաբեկիչները կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ են կրել։
Ըստ ԶԼՄ–ների` գրոհայինները գնդակոծել են Հալեպի համալսարանի ուսանողական ավանը։ Նախնական տվյալներով` 4 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ երկու ուսանող, կան վիրավորներ։