Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաան հայտարարվել է երկրի անցումային շրջանի նախագահ՝ ամրապնդելով իր իշխանությունը:
«Մենք հայտարարում ենք պարոն Ահմեդ ալ-Շարաային անցումային շրջանում երկրի նախագահ նշանակելու մասին։
Նա կիրականացնի Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի պարտականությունները և այն կներկայացնի միջազգային միջոցառումներում»,- ասված է սիրիական Al Watan թերթի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻՍ Նովոստին։
Հիշեցնենք` 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, ինչից հետո նախագահ Բաշար Ասադը պաշտոնաթող եղավ և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում գործող «Փրկության կառավարությունը», իրեն հայտարարեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։ Անցումային կառավարությունը գործելու է մինչև 2025 թվականի մարտի 1-ը: