Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե 1994 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը եղել է Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, պարզապես իրեն այդ մասին ժողովրդին հայտնելուն խանգարել է «հայտնի հայրենասիրական մոդելը»:
Սա գործնականում հայտնի տեղեկատվա-քարոզչական մանիպուլյատիվ մոդել է, որ կիրառում է Նիկոլ Փաշինյանն ըստ էության 2022 թվականից ի վեր:
Ես հեռու եմ այն մտքից, թե Փաշինյանը ծանոթանալով բանակցային պատմությանը, չի հասկացել դրա բուն քաղաքական և աշխարհաքաղաքական էությունն ու մտածել է, որ այդ ամենը ընդամենը Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին է:
Ես, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, իհարկե չեմ ունեցել բանակցային պատմության խորհրդապահական մանրամասներին ծանոթանալու հնարավորություն, և գնահատականս կառուցված է բնականաբար գերազանցապես հրապարակային պատկերի վրա: Բայց, այդ պատկերն իսկ բավականին խոսուն է, արձանագրելու համար, որ միջուկային երեք տերության մասնակցությամբ միջնորդական աննախադեպ ձևաչափը չէր կարող լինել ընդամենը Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
Համաձայն չեմ լինի իհարկե հակառակ պնդման, որ բանակցությունը Արցախի անկախության ճանաչման մասին էր:
Ընդհանրապես, բանակցային գործընթացի «մասինները», ըստ իս, տարբեր են, այսինքն դրանում ներգրավված յուրաքանչյուր կողմ ունի իր «մասինը»: Հարցը այն է, թե կողմերից յուրաքանչյուրը ինչի՞ «մասին» կկարողանա հասնել, ներեցեք այս մի փոքր «կալամբուր» ձևակերպման համար:
Իսկ Փաշինյանին «խանգարել» է ոչ թե «հայրենասիրության հայտնի մոդելը», այլ շատ ավելի պարզ քաղաքական հաշվարկ: Եթե Փաշինյանը այդ խոսույթը օգտագործեր մինչև 2020 թվականի պատերազմը, ապա 2018-ի նրա վարկանիշը գահավիժելու էր սրընթաց:
Սակայն, դրանից բացի, կա ըստ իս շատ ավելի լուրջ հանգամանք: Հնարավոր չէ լինել բանակցային գործընթացի մեջ, լինել դրա պատասխանատու, և այդօրինակ բաց համատեքստով հարաբերվել հանրության հետ: Դա կնշանակի պարզապես առանց զրահաբաճկոնի, բաց գլխով դուրս գալ խրամատավորված թշնամու դեմ:
Հանրությանն այդպիսի բովանդակություն ներկայացնում է մարդ, որը մերժում ստանալու դեպքում պատրաստ է թողնել ու հեռանալ: Բնական է, որ 2018 թվականին և հետո, ընդ որում առ այսօր, Փաշինյանը պատրաստ չէ դրան»: