Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 16-րդ փաթեթում ընդգրկված շոումեն Գալուստյանն ու գործարար Ավդոլյանը

Շոումեն Միխայիլ Գալուստյանը և գործարար, A-property-ի սեփականատեր Ալբերտ Ավդոլյանը ներառված են Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 16-րդ փաթեթում։ Այս մասին հաղորդվում է ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթում։

Փետրվարի 24-ին ԵՄ խորհուրդը անդամ երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների մակարդակով վերջնականապես հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը, որը ներառում էր ինչպես տնտեսական, այնպես էլ անձնական սահմանափակումներ։

Մասնավորապես, Գալուստյանն ընդգրկվել է պատժամիջոցների ցուցակում՝ «Յունարմիա» շարժմանը մասնակցելու և ՌԴ նախագահի քաղաքականությանը բացահայտ աջակցելու համար։

«Այսպիսով, նա աջակցում և ձեռնարկում է գործողություններ, որոնք խաթարում և սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»,- ասվում է փաստաթղթում։

Ինչ վերաբերում է Ավդոլյանին, ԵՄ ամսագիրը նշում է, որ նա բիզնես հետաքրքրություններ ունի էներգետիկայի ոլորտում, հատկապես ածխի արդյունաբերության ոլորտում։ Տարբեր ընկերությունների, այդ թվում՝ A-Property-Holdings-ի և Elgaugol-ի միջոցով Ավոդլյանը «զգալի բաժնետոմսեր ունի ռուսական էներգետիկ ենթակառուցվածքի ոլորտում»: