«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շաբաթներին հանրության ուշադրությունը գրավել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական շրջայցերի ընթացքում արված բազմաթիվ կադրերը, որտեղ նա տարբեր համայնքներում մեծ ախորժակով օգտվում է տեղացիների կողմից պատրաստված հյուրասիրություններից։ Տպավորություն է ստեղծվում, թե վարչապետը պարզապես մոտենում է պատահական սեղանին և ճաշակում այն, ինչ այդ պահին առաջարկում են քաղաքացիները։ Սակայն իրականությունն այլ է։
«Ժողովուրդ» օրաթերթին իշխանական շրջանակներից տեղեկություններ են հայտնի դարձել այն մասին, որ վարչապետի համար նախատեսված յուրաքանչյուր սեղան անցնում է մի ամբողջ «գաստրոնոմիական անվտանգության օպերացիա»։ Նախքան վարչապետի մոտենալը, սեղանը մանրակրկիտ ուսումնասիրվում է, ուտեստները զննվում են, գնահատվում է ոչ միայն անվտանգությունը, այլև դրանց տեղաբաշխումը, լուսանկարչական տեսանելիությունը և նույնիսկ այն, թե որ կողմից է առավել շահավետ կադրը։
Աղբյուրների հավաստմամբ՝ միայն բոլոր փուլերն անցնելուց հետո է տրվում պայմանական «բարի ախորժակ» թույլտվությունը, և վարչապետը կարողանում է մոտենալ ժողովրդական սեղանին։
Այսպիսով, հենց Փաշինյանի ներկայացմամբ՝ «պերաշկի ուտող վարչապետի» կերպարը վաղուց արդեն վերածվել է յուրատեսակ քաղաքական բրենդի, որտեղ նույնիսկ ամենահասարակ պատառը նախապես անցնում է անվտանգության և հանրային կապերի ֆիլտրերով։ Այսինքն՝ բեմադրվում է նաև ճաշացանկը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում





