Հայաստանը կարող է գրեթե ամբողջությամբ զրկվել լոլիկի, վարունգի, պղպեղի և կանաչեղենի արտահանումից, եթե կորցնի իր հիմնական գնորդին՝ Ռուսաստանին։ Այսպիսի հաշվարկ է կատարել РИА Новости-ն՝ հիմնվելով ՄԱԿ-ի Comtrade-ի տվյալների վրա։
ՄԱԿ-ի հարթակում հրապարակված վիճակագրության համաձայն՝ Հայաստանն անցած տարվա տասնմեկ ամիսներին (դեկտեմբերի տվյալները դեռևս չեն հրապարակվել) Ռուսաստան է արտահանել 73,96 մլն դոլարի թարմ բանջարեղեն և կանաչեղեն, որոնք այժմ սահմանափակումների տակ են:
Ամբողջ տարվա հաշվարկով այն մոտավորապես 80,64 մլն դոլար է, ինչը կազմում է սահմանափակումների տակ հայտնված բանջարեղենի արտահանման 99 տոկոսը (տարեկան մոտ 81,5 մլն դոլար):
Խոսքը, մասնավորապես, թարմ պղպեղի (11 ամսում 37,1 մլն դոլար), լոլիկի (32,78 մլն), կանաչեղենի (2,52 մլն), վարունգի (1,52 մլն), ինչպես նաև ծնեբեկի (16,7 հազար) մատակարարման մասին է:
Ռուսաստանից բացի հայկական վարունգ փոքր ծավալներով ներկրել է Վրաստանը (23 հազար դոլար՝ 2025 թվականի 11 ամիսների արդյունքներով), պղպեղ՝ Լատվիան (517 հազար դոլար) և Բելառուսը (85 հազար դոլար), կանաչեղեն՝ Վրաստանը (162 հազար դոլար)։
Նշենք, որ մայիսի վերջին և հունիսի սկզբին «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է Հայաստանից ծաղիկների և պտուղ-բանջարեղենի, ինչպես նաև կորիզավոր պտուղների և չրերի ներկրումը: Այս որոշումը մասամբ անդրադարձել է նաև ձկնեղենին և դրանից պատրաստված արտադրանքին։





