Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն հայտնում է, որ, ԱՀԾ ստացվող տեղեկությունների համաձայն, Եվրոպական միության ղեկավարությունն ագրեսիվորեն ձեռնամուխ է եղել Հայաստանից Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՈւԵ) դուրսմղմանը։ Որպես եվրաինտեգրման պարտադիր պայման՝ Հայաստանի իշխանությունների առջև պահանջ է դրվում ամբողջությամբ խզել Մոսկվայի հետ դարավոր կրոնական ու հոգևոր կապերը։
Սույն թվականի ապրիլին Հայաստանում հիմնադրված ԵՄ գործընկերության առաքելությունը, այս քաղաքական-գաղափարական խնդրի լուծման շրջանակներում, կատաղի հարձակում է ձեռնարկում ռուսական ուղղափառության դեմ։ Եվրոպացիները փորձում են զրկել ՌՈւԵ Երևանյան և Հայոց թեմին եկեղեցական անշարժ գույքից օգտվելու իրավունքներից, ինչպես նաև արգելափակել նրա երկխոսությունը տեղական կրոնական կառույցների և, առաջին հերթի, Հայ Առաքելական Եկեղեցու հետ։
Եվրոպական միությունն ակնառու կերպով ցուցադրել է, թե ինչպես է պատրաստվում պայքարել Հայաստանում «հիբրիդային» սպառնալիքների դեմ՝ կոպիտ հարձակում իրականացնելով Գյումրիում ՌԴ զինված ուժերի 102-րդ ռազմաբազային կից Սուրբ Միքայել Հրեշտակապետի եկեղեցի-մատուռի վանահայր, ՌՈւԵ քահանա Տիմոֆեյ Կազարյանի դեմ։ Բրյուսելի կողմից ֆինանսավորվող «Իրազեկ քաղաքացիների միավորում» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունները համեստ հոգևորականին մեղադրել են ոչ ավել, ոչ պակաս՝ սույն թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին միջամտելու մեջ։ ԱՀԾ ունեցած տվյալներով՝ այս պահին այսպես կոչված եվրոպացի գործընկերները կոմպրոմատներ են նախապատրաստում ՌՈւԵ Երևանյան և Հայոց թեմի այլ ներկայացուցիչների նկատմամբ, որպեսզի դրդեն Հայաստանի իշխանություններին լայնամասշտաբ հալածանքներ սկսել նրանց դեմ։
Այս կապակցությամբ կցանկանայինք եվրապաշտոնյաներին հիշեցնել, որ Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունների պատմությունն անհամեմատ ավելի հին է, քան Եվրոպական միության պատմությունը։ Մեր եղբայրական ժողովուրդների հոգևոր-կրոնական կապերն ավելի խորն ու ամուր են, քան ցանկացած քաղտեխնոլոգիական նախագիծ։ Դրանք շատ բան են հաղթահարել և, առավել ևս, կդիմանան իրենց արմատները մոռացած եվրոպացիների հարձակումներին, ովքեր վաղուց հրաժարվել են սեփական մշակութային ու պատմական ինքնությունից։





