Բիշքեկում Պուտին–Փաշինյան հանդիպման հրապարակային հատվածը, իսկ առավել ևս դրան հաջորդած ռուսական տեղեկատվական արձագանքը, բավական հստակ քաղաքական ուղերձ են պարունակում։Այս մասինֆեյսբուքյան իր էջում գրում է Դավիթ Անանյանը
Ըստ էության, Փաշինյանին Մոսկվա հրավիրելը սովորական դիվանագիտական հրավեր չէր։ Դա ավելի շատ վերջնագրի տրամաբանություն ուներ՝ եթե գալիս ես Մոսկվա, պետք է գաս Բիշքեկից տարբերվող օրակարգով։
Բիշքեկում Փաշինյանը փորձեց պահպանել վերջին տարիների իրեն բնորոշ երկիմաստությունը՝ մի կողմից շարունակել խոսել եվրոպական ինտեգրման մասին, մյուս կողմից չհրաժարվել ԵԱՏՄ տնտեսական հնարավորություններից և հնարավորինս երկար հետաձգել վերջնական ընտրությունը։
Սակայն այս անգամ Մոսկվայի պատասխանը բավական պարզ էր. ընտրությունը Հայաստանի իրավունքն է, բայց այդ ընտրությունը պետք է կատարել։ Ավելին՝ Պուտինը հրապարակայնորեն առաջարկեց հարցը հանձնել Հայաստանի ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով և «փակել թեման»։
Իսկ արդեն հաջորդ քայլը՝ Փաշինյանին Մոսկվա հրավիրելը, ըստ էության, կարելի է կարդալ այսպես. Մոսկվայում այլևս քննարկելու իմաստ ունի ոչ թե Բիշքեկում հնչած նույն բացատրությունները, այլ Հայաստանի հետագա արտաքին քաղաքական և ինտեգրացիոն ուղեգծի վերաբերյալ կոնկրետ պատասխանները։
Այլ կերպ ասած՝ եթե Մոսկվա գնալու համար նոր օրակարգ չկա, եթե Փաշինյանը պատրաստվում է կրկնել Բիշքեկի նույն թեզերը և շարունակել «և՛ այստեղ, և՛ այնտեղ» քաղաքականությունը, ապա այդ այցի քաղաքական անհրաժեշտությունն էլ գրեթե վերանում է։
Սա, թերևս, Բիշքեկի հանդիպման ամենակարևոր արդյունքն էր։
Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում։ Սպասում է որոշման։
Եվ հիմա հարցն այն է, թե Փաշինյանը Մոսկվա գնալու է որոշո՞ւմ ներկայացնելու, թե՞ հերթական անգամ ժամանակ շահելու։ Ամեն դեպքում, եթե ասելիք չկա, դիվանագիտական լեզվով ասած` մոսկովյան այցը կարող է նաև հետաձգվել:




