Search
Close this search box.

Մեր դպրոցը շատ է կառչած դասագրքից. Ժաննա Անդրեասյան

Please enter a valid URL

«Մենք իրականացրել ենք տպագրության մրցույթները բոլոր այն ուղղություններով, որոնցով ունեինք երաշխավորված դասագրքեր։ Այդ դասագրքերը տպագրվել են ու եղել դպրոցներում մինչև ուսումնական տարվա սկիզբը»,- ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա ընդգծեց, որ այս իմաստով որևէ ուշացում, ձգձգում, հավելյալ դժվարություն, խնդիր չեն ունեցել։

«10 դասագրքի պարագայում երաշխավորված դասագիրք չենք ունեցել։ Ունենք հին դասագրքեր, որոնք նախորդ տարի օգտագործվում էին, տեղեկացրել ենք դպրոցներին, որ նորից բաժանեն երեխաներին ևս մեկ տարի։

Խոսքը վերաբերում է հիմնականում օտար լեզուների դասագրքերին, 10-րդ դասարանի «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների դասագրքերին։

Ունենք 3 դասագիրք, որոնք առկա չեն, չենք ունեցել երաշխավորված դասագիրք, ուսուցումը պետք է կազմակերպել այլ եղանակով. երկուսը 7-րդ, 8-րդ դասարանների «Թվային գրագիտություն», «Համակարգչային գիտություն» առարկաներն են։ Այս դեպքում աշխատանքի մեծ մասը գործնական միջավայրում է, առարկան բացատրելու համար դասագրքի առկայությունն աջակցող է, քան առանցքային։

Երրորդ գիրքը 10-րդ դասարանի «Պատմություն» առարկայի դասագիրքն է։ Քանի որ չունենք երաշխավորված դասագիրք, որոշել ենք միանգամից գնալ այն ձևաչափով, որն ուզում ենք խրախուսել ու փորձարկել հատկապես ավագ դասարաններում։

Ուզում ենք ավագ դասարաններում աստիճանաբար մեկ դասագրքին կառչած լինելու սկզբունքից հետ գնալ։ Այս անգամ «Պատմություն» առարկայի միջոցով ուսուցիչների հետ միասին դասավանդել առարկան տարբեր նյութերի միջոցով։ Թղթապանակը վերաբերում է ուսումնական նյութերի հավաքածուին, կրթական բառապաշարի մեջ կոչվում է թղթապանակ։ Այդ ուսումնական նյութերի հավաքածուի միջոցով ուսուցիչները կարող են իրականացնել դասընթաց, մենք էլ կտեսնենք, թե ինչպես է աշխատում այս մեթոդը։

Մեր դպրոցը շատ է կառչած դասագրքից»,- ասաց Ժ. Անդրեասյանը։