«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Լիլիա Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում․
Ո՞վ կմտածեր. ընդամենը 6 տարի առաջ ՀԱՅԻ պայքարը ԹՈՒՐՔԻ դեմ էր՝ ԱՐՑԱԽԻ սահմաններին, իսկ անցած տարի՝ ՀԱՅԸ հայի դեմ էր կանգնած սեփական երկրի ներսում, ԷՋՄԻԱԾՆԻ դարպասների մատույցներում։
Հիմա էլ հայ ես՝ արի ապացուցիր, որ մածունը սպիտակ է, իսկ քո ավետյաց երկիրը ադրբեջանցու «պապենական հողը» չի եղել ու չի լինելու։
Ուղիղ մեկ տարի առաջ՝ հունիսի 18-ին, Եվրոպայի խորհրդի կազմակերպած աշխատաժողովում պետք է հանդես գայի հիմնական ելույթով (keynote speech)՝ խոսելով հանքարդյունաբերության ոլորտում մարդու իրավունքների և պետության դերի մասին։ Ինչ իմանայի, որ արդեն նույն օրվա վաղ առավոտից մտահոգված եմ լինելու իմ երկրում մարդու իրավունքների ընդհանուր վիճակով։ Արագ ավարտեցի ելույթս և ուղևորվեցի Քննչական կոմիտեի բակ։
Հենց այդ գիշեր իրավապահները տնից տարել էին բարերար Սամվել Կարապետյանին Samvel Karapetyan / Սամվել Կարապետյան, որը ժամեր առաջ հանդես էր եկել Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության հայտարարությամբ։ Այն դարավոր ազգային եկեղեցու, որի դեմ, Փաշազադեից բացի, արշավ էր սկսել նաև երկրի ղեկավարը՝ սկզբում իբր որպես սովորական քաղաքացի, հետո որպես վարչապետ եկեղեցու կյանքին միջամտելու օրակարգեր ստորագրելով, եկեղեցականների, եկեղեցական կանոնների և հավատավոր ժողովրդի նկատմամբ պետական լծակներով ուղղակի ճնշումներով։
Այնուամենայնիվ, այս գրառման մեջ չեմ հրապարակի ոչ Սամվել Կարապետյանին տնից տանելու կադրերը, ոչ էլ Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցած ամենաամոթալի օրերի նկարները՝ բոլոր տեսակի ուժայիններով «գրոհած»։ Որովհետև, ի հեճուկս աննախադեպ ճնշումների և իշխանության ողջ ռեսուրսի, հայերը համախմբվեցին։
Փոխարենը հրապարակում եմ Կաթողիկոսի 2026 թվականի ամանորյա ուղերձի հեռարձակման լուսանկարը՝ որպես մեր եկեղեցու ամրությունն և անսասանությունը խախտելու անցած տարվա ձախողում, ինչպես նաև Սամվել Կարապետյանի տան մոտ (այն նույն տան, որտեղից նրան տարել էին կալանքի) հավաքված հազարավոր ծանոթ ու անծանոթ հայերի համախմբման պատկերը։ Այո, մենք միավորվեցինք ու պաշտպանեցինք ՄԵր Ձևով:
Նախ պետք է գնահատել մեր սեփական հաղթանակները:
Սակայն հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է։ Մեկ նկար էլ Օրդուբադից եմ դնում, որը հայերն անվանում են Որդվատ. գտնվում է պատմական հայրենիքի՝ Մեծ Հայքի Վասուրական նահանգի Գողթն գավառում:
Մեկ տարի անց՝ 2026 թվականի հունիսի 18-ին, այդ նույն Որդվատում Ադրբեջանի պետական աջակցությամբ անցկացվում է «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով փառատոնը, որտեղ կրկին հայտարարվում է, թե ադրբեջանցիների «վերադարձը իրենց պատմական հողեր» այդ երկրի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է։
Դե ինչ, հայե՛ր, ինքնության մարտահրավերները դեռ նոր թափով են սկսվելու։
Բայց արձանագրենք նաև մեկ կարևոր փաստ. արդեն ոչ թե 1, 15 կամ 15.000 ենք, այլ հարյուր հազարավոր հայեր և նրանց ընտանիքներ, որոնք ընդամենը մեկ տարվա ընթացքում զորակոչվել են ինքնության այս պայքարին:
Ինքնության պայքար, որից հետո և որի շնորհիվ կլինի ՀԱՅԱՍՏԱՆ, իսկ այդ Հայաստանում՝ իրական մարդու իրավունք, օրենքի գերակայությունը, առողջ տնտեսություն և ժողովրդավարություն։





